կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-22 19:30
Հասարակություն

Նոր հեռանկարներ` համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյանն այցելեց Արագածոտնի մարզ

Նոր հեռանկարներ` համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյանն այցելեց Արագածոտնի մարզ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղակալ Կարեն Իսախանյանի, նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ այցելեց ՀՀ Արագածոտնի մարզ:

Նախարարն այցելեց Ծաղկահովիտ, հետո արդեն Ապարան` հանդիպելով տեղի բոլոր  համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումներին ներկա էր նաև մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հիմնական հարցերից մեկը, թե համայնքների խոշորացման ծրագրի նկատմամբ ինչպիսի տրամադրություն ունեն համայնքի ղեկավարները, բնակիչները: Հանդիպմանը համայնքների ղեկավարները նախարարին ներկայացրին իրենց համայնքների խնդիրները և դրանց լուծման հնարավոր` իրենց տարբերակները: Նախարար Լոքյանը լսեց բոլորի առաջարկությունները, ինքն էլ իր հերթին առաջարկեց առաջիկայում ներկայացնել ծրագրեր, թե որ համայնքում ինչ գործարան կարելի է հիմնել` համայնքի զարգացմանը նպաստելու համար:

Ծաղկահովիտում նախարարն այցելեց տեղի հիվանդանոց, որի շենքային պայմաններն անմխիթար վիճակում էին: Ի դեպ, Ծաղկահովիտի հիվանդանոցը 10 000-ից ավելի բնակիչների է սպասարկում:

«Առաջիկայում մենք կառավարությունում առողջապահության նախարարության հետ կքննարկենք հիվանդանոցի բարեկարգման խնդիրը` միգուցե պետք է չունենալ այդքան մեծ հիվանդանոց, որի պահպանությունը, օգտակար գործողության գործակիցը շատ փոքր է` ծախսերի և ծավալի համեմատ: Հիվանդանոցում կան բավականին լավ մասնագետներ, բայց որոշ մասնագետներ, կարծում եմ, ևս պետք է ընդունվեն աշխատանքի: Համենայն դեպս,  առաջիկա քննարկումների արդյունքում կարծում եմ, որ խնդրի լուծման ընդհանուր բանալին կգտնենք»,- ասաց Լոքյանը:

Հիվանդանոցի վիրաբույժն, ի դեպ, սիրիահայ է` Բյուզանդ Քահքեջյանը, ով երեք տարի է` ինչ տեղափոխվել է Հայաստան:

«Հալեպում սեփական կլինիկաս ունեի` ամեն ինչ լավ էր, բայց պատերազմն «այնպես արեց», որ հետ` Հայաստանս գամ: Հայաստան վերադառնալուն պես` դիմեցի առողջապահության նախարարություն, որպեսզի աշխատանքի հարցով օգնեն, նրանք էլ ինձ Ծաղկահովիտում աշխատանք առաջարկեցին: Այստեղ վարձով ենք ապրում, բայց արդեն հարմարվել եմ` հիվանդանոցի աշխատակազմը շատ լավն է, գյուղում էլ արագ ինտեգրվեցի: Զգում եմ` ես իրենց, իրենք էլ իմ կարիքն ունեն»,- ասում է Քահքեջյանը:

Նա Հայաստան է վերադարձել ընտանիքի  5 անդամների հետ. ընտանիքից միայն ինքն է աշխատում: Լոքյանը Քահքեջյանին առաջարկեց` մարզպետին ներկայացնել, թե ընտանիքի անդամներից ով ինչ աշխատանք կարող է անել, որպեսզի փորձեն օգնել ընտանիքին:

Լոքյանն այնուհետ այցելեց Ապարան: Նախարարը նշեց, որ մարզն արտադրող խմբեր ձևավորելու պոտենցիալ ունի ` կոոպերատիվներ, ասոցիացիաներ, որոնք շատ մեծ ծավալով կարող են գյուղատնտեսական արտադրություն ապահովել` մսամթերք, կաթնամթերք, որի հիման վրա էլ տարածքում պետք է ձևավորվեն լրացուցիչ ձեռնարկություններ և աշխատատեղեր: Տեղի համայնքապետերի բարձրացրած խնդիրները նույնն էին` մանկապարտեզ հիմնելու հարց, դպրոցի վերանորոգման, ճանապարհների բարեկարգման խնդիրներ:

«Համայնքների խնդիրները, այո, բազմաթիվ են, բայց նաև ուրախացնող է փաստը, որ շատ խնդիրներ համայնքներում արդեն իսկ լուծվել են: Ամենամեծ խնդիրը մնում է համայնքների եկամուտների հարցը, քանի որ սահմանափակ է այն, իսկ պետական բյուջեի հատկացումները չեն բավարարում, որպեսզի լրացուցիչ ծառայություններ մատուցեն համայնքի ժողովրդին: Կարծում եմ` միջազգային փորձառու կազմակերպությունների օժանդակությամբ կկարողանանք ճիշտ կլաստերներ ձևավորել այս տարածաշրջանում, որը կնպաստի համայնքների տնտեսական զարգացման խնդիրներին»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Լոքյանը:

Ի դեպ, հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: