կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 20:25
Առանց Կատեգորիա

Ճապոնիան բժշկական սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանին կտրամադրի 3.7 մլն դոլար դրամաշնորհ

Ճապոնիան բժշկական սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանին կտրամադրի 3.7 մլն դոլար դրամաշնորհ

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ին ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Հայտագրերի փոխանակումը Հայաստանի Հանրապետությանը ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է: Այս ծրագրի միջոցով Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն (մոտ 3.7 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից։

«Սույն նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ խթանելով միջինից երկարաժամկետ առողջապահական և բժշկական համակարգը: ՄՌՏ համակարգի վերջին սերունդը և այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և փրկելով մարդկանց կյանքերը:

Ինչպես բոլորս տեղյակ ենք, ներկայումս ամբողջ աշխարհը՝ ներառյալ Հայաստանը, պայքարում են COVID-19-ի լուրջ համաճարակի դեմ: Ճապոնիան, որպես Հայաստանի համար սերտ և բարեկամական գործընկեր, պատրաստ է աջակցել երկրին՝ հավասարակշռված և կայուն տնտեսական աճի հասնելու համար: Դա պետք է իրականացվի տարբեր հաստատությունների, ենթակառուցվածքների կատարելագործման և մարդկային ռեսուրսների զարգացման միջոցով, մասնավորապես բժշկական ոլորտում: Այս տեսակետից Ճապոնիան աջակցում է Հայաստանի առողջապահական և բժշկական հաստատություններին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բացի կառավարությունից-կառավարությանը ուղղված նման տեխնիկական օժանդակությունից և դրամաշնորհային օգնությունից, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի  աշխարհահռչակ ճապոնացի բժիշկ և պրոֆեսոր դոկտոր Աքիրա Իշիյաման շարունակում է իր ամենամյա այցը այս երկիր՝ հայ երեխաների համար կոխլեար իմպլանտացիայի իր անգնահատելի հմտությունները առաջարկելու համար:

Այս նոր նախագիծը մարմնավորում է Ճապոնիայի կայուն պատրաստակամությունը Հայաստանին սատարելու հարցում: Մեր եզակի և ուժեղ կապերը, որոնք երկու տարուց կտոնեն 30-ամյակը Հայաստանի անկախության վերականգնումից հետո, կրկին վկայելու են մեր համընդհանուր արժեքների, ինչպես նաև ավելի սերտ համագործակցելու մեր վճռականության մասին՝ այս աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու համար:

Դեսպան Յամադան ասաց. «Ճապոնիայի կառավարության անունից ես կցանկանայի ընդգծել այս ծրագրի խիստ կարևորությունն ու արդիականությունը, մասնավորապես հաշվի առնելով Հայաստանում և աշխարհում COVID-19 համաճարակի ներկա իրավիճակը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը»:

ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը նշեց. «Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցությունը ներառում է լավագույն ավանդույթները: Մենք բարձր ենք գնահատում այն շարունակական օժանդակությունը, որը Ճապոնիայի կառավարությունը երկար տարիներ սիրով ցուցաբերել է Հայաստանին՝ առողջապահական կարողությունները բարձրացնելու համար: Վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումները, մեքենաները և այլ բժշկական ապրանքներ վաղուց հայտնի են մեր երկրում:

Ներկայումս, երբ աշխարհը կանգնած է կորոնավիրուսի համաճարակի առջև, և մեր երկրում նույնպես դժվարին պայքար է ընթանում, մենք ևս մեկ անգամ երախտապարտ ենք Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին 400 միլիոն ճապոնական իեն արժողությամբ թանկարժեք բժշկական սարքավորումների ձեռքբերման հնարավորություն ընձեռելու համար:

Համոզված լինելով, որ Ճապոնիայի կողմից տրամադրված ցանկացած սարքավորում կգտնի մեր ոլորտում ամենալավ և օգտակար կիրառումը՝ ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ճապոնիայի ժողովրդին, կառավարությանը, մեր բոլոր ճապոնական գործընկերներին և ընկերներին` իրենց բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են Հայաստանին առատաձեռն աջակցությանը համաճարակի դեմ պայքարում և դրանից դուրս»: