կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 12:50
Սպորտ

Պետք է կարողանանք ավելի արագ գործել. Արթուր Ոսկանյան

 Պետք է կարողանանք ավելի արագ գործել. Արթուր Ոսկանյան

Հոկտեմբերի 2-ին՝ Հայաստան Մ-21-Ջիբրալթար Մ-21 (1:0) հանդիպումից հետո, կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

-Մեր հավաքականն ուներ խաղից գոլ խփելու լավ հնարավորություններ, բայց կարծես թե ստանդարտ իրավիճակներն ավելի լավ էր օգտագործում։ Ո՞րն է գոլային պահերը չիրացնելու պատճառը։

- Ճիշտ եք նկատել, որ խաղային իրավիճակներից չկարողացանք գոլ խփել, և ստանդարտներն ավելի վտանգավոր էին։ Ինձ թվում է`ավելի շատ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը չի բավականացնում, որպեսզի կարողանանք ավելի բարձր տեմպով խաղալ։ Այսօր պետք է գնդակն ավելի արագ գլորեինք և գրոհներն ավելի արագ զարգացնեինք։ Դա գալիս է թե' առաջնության մակարդակից և թե' ֆուտբոլիստների անհատական որակներից։ Ունենք որակյալ ֆուտբոլիստներ, բայց այս մակարդակում պետք է կարողանան արագ գործել։ Երբ մրցակիցն ամբողջ թիմով պաշտպանվում է, այդտեղ շատ կարևոր է, որպեսզի ամեն ինչ շատ արագ անեն և ճիշտ կողմնորոշվեն։

-Պարո'ն Ոսկանյան, մենք սովոր ենք, որ մեր հավաքականը խաղում է կարճ փոխանցումներով, բայց այսօր խաղում էինք երկար փոխանցումներով, ի՞նչն էր պատճառը։

-Ուսումնասիրել էինք մրցակցի խաղը և գիտեինք, որ պաշտպանությունում բաց տարածություններ շատ են թողնում։ Դրա համար փորձում էինք սկզբից կարճ փոխանցումներով դուրս հանել նրանց պաշտպանությունից, իսկ հետո օգտագործել այդ տարածությունները։ Ճիշտ է` շատ դեպքերում խոտանը շատ էր, քանի որ փոխանցումների որակն այնքան էլ լավ չէր։ Իհարկե, եղան նաև դեպքեր, որ լավ փոխանցումներն անցան, բայց կասեցումը կամ ֆուտբոլիստների բացվելը բարձր մակարդակի չէր։

-Նախ ի՞նչ կասեք Ռոբերտ Հակոբյանի վնասվածքի մասին և ինչպե՞ս եք պատրաստվում խաղալ Ավստրիայի հավաքականի դեմ:

Ճիշտն ասած` Ավստրիան լրիվ այլ մակարդակի թիմ է, որի դեմ դեռ կպատրաստվենք և կփորձենք խաղալ տակտիկական այլ սխեմայով, իսկ Ռոբերտի վնասվածքի մասին կարող եմ ասել, որ ուժեղ հարված ստացավ ոտքին, բայց վնասվածքի լրջությունը պարզ կլինի երկու օրից։ Իմ կարծիքով` լուրջ բան չկա, դեռ ժամանակ կա մինչև մյուս խաղը։ Մենք ևս մի կորուստ ունենք` Հայկ Սարգսյանը երրորդ դեղին քարտը ստացավ և բաց կթողնի հաջորդ հանդիպումը։

- Ի՞նչ տպավորություն թողեց Գրիգոր Աղեկյանի խաղը։

Ինձ թվում է, որ, որպես կենտրոնական հարձակվող, շատ լավ խաղ անցկացրեց։ Ճիշտ է` գոլ չխփեց, բայց մեծ աշխատանք կատարեց։ Գոհ ենք նրա խաղից։

- Հայկ Գալստյանը, փոխարինման դուրս գալով, ակտիվացրեց խաղը։ Ի՞նչն էր պատճառը, որ նա այսօր խաղադաշտում չէր։

- Հայկը միայն երեկ էր միացել մեզ և երեք օր առաջ էր խաղացել։ Մենք որոշեցինք, որ երկար ճանապարհից հետո նրան հանգստի հնարավորություն տանք և երկրորդ խաղակեսում մտցնենք խաղադաշտ, որ մրցակցի հոգնածության ֆոնի վրա ավելի շատ օգուտ տա, բայց այնպես ստացվեց, որ ստիպված ավելի շուտ մտցրինք խաղադաշտ։

- Ի՞նչ կարող է Ավստրիայի հավաքականին հակադրել մեր թիմը։

Բնականաբար, Ավստրիան այսպես չի խաղա, ավելի շատ պրեսինգով կխաղա։ Մենք պետք է օգտագործենք այն հնարավորությունները, որ կունենանք և պաշտպանությունում ավելի ուշադիր լինենք, որ չսխալվենք։

ՀՖՖ պաշտոնական կայք