Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-իրանական հարաբերությունների զարգացման, Փաշինյան-Ռոհանի նյույորքյան հանդիպման, Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին Yerkir.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
- Հայ-իրանական հարաբերությունների մասին շատ է խոսվում` սովորաբար հերթապահ բնորոշումներով: Այսօր ռեալ ի՞նչ ունենք:
- Հայ-իրանական հարաբերությունները, ինչպես միշտ, քաղաքական մակարդակում շատ բարձր նշաձող ունեն, բայց կան տնտեսական հատվածի հետ կապված շատ խնդիրներ: Դրանց լուծումը մեզ համար պետք է լինի առաջնահերթ, որովհետև շատ դեպքերում տնտեսական խնդիրները կոնկրետ Հայաստանի համար և, ինչու չէ, նաև Իրանի համար ունեն քաղաքական կամ աշխարհաքաղաքական նշանակություն: Բերեմ ամենաշոշափելի օրինակը. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում իրանական կողմը շատ կարևոր դիտարկում արեց` Հայաստանը դիտարկվում է որպես Սև ծովը և Պարսից ծոցը միմյանց կապող տրանսպորտային միջանցքի կարորագույն բաղկացուցիչ: Սա ոչ միայն տնտեսական նշանակության ծրագիր է, ակնհայտ է, որ նման միջանցք ստեղծելու պայմաններում Հայաստանը կստանա զգալի տնտեսական շահույթներ, այլ նաև աշխարհաքաղաքական խնդիր է մեզ համար` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական շրջափակման հանգամանքը և այդ շրջափակում հաղթահարելու` մեր տրամադրվածությունը:
- Մեր երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին, այն էլ` ԱՄՆում:
- ՄԱԿ-ի հարթակը շատ ընդունելի և լավ հարթակ է երկկողմ հանդիպումներ կազմակերպելու համար: Բայց ամենևին չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք սրանով: Պաշտոնական այցերի մակարդակով քննարկվող խնդիրները և դրանց ծավալը շատ ավելի մեծ կարող են լինել, քան ցանկացած միջազգային կառույցում տեղի ունեցած կարճատև հանդիպումները և դրանց օրակարգը: ՄԱԿ-ում տեղի ունեցած հանդիպումը շատ լավ է և շատ դրական պետք է գնահատել, բայց սա ամենևին չի նշանակում, թե երկու կողմերից պետք է չլինեն պաշտոնական այցեր:
- Մեր երկրի ղեկավարի կողմից կարծես հրավեր չի եղել: Կառավարության պաշտոնական կայքում, համենայն դեպս, միայն Իրանի նախագահի հրավերի մասին էր գրված:
- Իրանական կողմի տեղեկատվական դաշտում արձանագրված էր, որ պարոն Փաշինյանը պարոն Ռոհանիին հրավիրել էր Հայաստան: Գուցե կարիք կա պատկան մարմիններից ճշտելու, թե ինչպիսին է եղել իրավիճակը, բայց մեր կողմից ընդգծվում է, որ վարչապետին հրավեր է եղել իրանական կողմից, իրանական կողմն էլ ընդգծում է, որ մեր վարչապետն է հրավիրել Իրանի նախագահին Հայաստան: Երկու կողմն էլ համադրելով` կարծում եմ, որ փոխադարձ հրավեր է եղել:
-Ի˚նչ նշանակություն կարող են ունենալ երկու երկրների փոխադարձ այցերը:
-Պաշտոնական այցը շատ կարևոր է, քանի որ մենք Իրանում ունենք լուծելու շատ կարևոր խնդիրներ: Դրանցից առաջինը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ներկայացնելն է: Իրանցիները հազարամյա պետականության ավանդույթ ունեցող ժողովուրդ են, և նրանց համար կարող են լինել շատ անհասկանալի հարցեր` հայաստանյան փոփոխությունների հետ կապված: Իսկ մեր հարևան ոչ բարեկամական երկրները կարող են օգտագործել ցանկացած թյուրընկալում հայ-իրանական հարաբերություններում: Իրավիճակը պահանջում է, որ իրանական կողմը տեղեկացված լինի հայկական կողմի մասին ուղղակի` երկկողմ պաշտոնական ձևաչափով:
-Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչպե˚ս են ազդում Հայաստանի վրա:
- Ցանկացած պատժամիջոց Հայաստանի համար ստեղծում է ռիսկային իրավիճակ: Մեր առևտրաարդյունաբերական ոլորտի ընկերությունների համար ստեղծում է ռիսկային իրավիճակ, հատկապես` բանկային համակարգի համար: Հայ-իրանական հարաբերություններում և, ընդհանրապես, Իրան-արտաքին աշխարհ հարաբերություններում բանկային ոլորտն է, որ անմիջականորեն շաղկապված է ԱՄՆ-ի հետ և պատժամիջոցների պարագայում համարվում է շատ ռիսկային: Բայց ցանկացած պատժամիջոց ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ: Այլ խոսքերով` մենք կարող ենք Հայաստանը դարձնել Իրանի համար յուրօրինակ դարպաս` արտաքին աշխարհի հետ տնտեսական շփումների համատեքստում:
-Դուք ասել եք, որ իրանական բիզնեսի համար Հայաստանը դառնում է ապահով միջավայր: Ինչպե՞ս, ի˚նչ ակնկալել:
- Դատելով Իրանի նախագահի` նյույորքյան հանդիպման ժամանակ հնչեցրած խոսքերից` լուրջ հնարավորություն է մեզ համար բացվում: Այսօր իրանցի գործարարները Պարսից ծոցի արաբական երկրներում, հատկապես` ԱՄԷ-ում, բախվում են լրջագույն դժվարությունների, եթե չասենք` թշնամանքի և փնտրտուքի մեջ են, որ միլիարդավոր դոլարներ բերած իրենց բիզնեսները տեղափոխեն ապահով և բարեկամական միջավայր: Այդպիսի միջավայր կարող է տրամադրել Հայաստանը, բայց սա լրջագույն աշխատանք և ջանքեր է պահանջում:
-ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմանը: Այս հարցում զգուշանալու խնդիր ունե՞նք:
- Ես ընդհանրապես դեմ եմ վախերի վրա հարաբերություններ կառուցելու մեթոդաբանությանը: Անշուշտ, ԱՄՆ-ի համար այդքան հաճելի չէ, որ Հայաստանը և Իրանը զարգացնում են հարաբերություններ: Բայց որևէ մեկը մեզ իրավունք չունի պարտադրելու Իրանի հետ չգործակցել, որովհետև որևէ մեկը մեզ այլ առաջարկ չի ներկայացրել: Եվ հետո` հայ-իրանական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և անցել են բազմաթիվ վայրիվերումներով, և այս իմաստով Հայաստանը Իրանից տարանջատելը սխալ է: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկու պետությունների կենսական շահերից:
- Դուք Ձեր գրառումներից մեկում նշել էիք, որ իրանցիները իրենց հատուկ կոդավորված լեզվով են խոսում: Կբացե˚ք խոսքի կոդավորման` իրանական գաղտնիքը:
- Իրանցիները մի յուրահատկություն ունեն թե' կյանքում, թե' դիվանագիտության մեջ: Հայ ժողովրդական ասացվածքը պնդում է` դուզ խոսքը էշին կասեն: Իրանցիները առաջնորդվում են այդ սկզբունքներով: Նրանց խոսքային մշակույթը պահանջում է միտքը հասցնել որոշակի կոդավորմամբ, ակնարկներով, այլ ոչ թե ուղղակի շեշտադրմամբ: Հետևաբար, շատ կարևոր է հայի և իրանցու զրույցի կոդային թարգմանությունը: Իրանցիների մոտ «ոչ» ասելը համարվում է տգեղ երևույթ, ունեն բազմաթիվ «այո»-ներ, որոնց որոշակի մասը «ոչ» է:
- Մենք հակադրությունների երկիր ենք. սերտ համագործակցեում ենք և' Իրանի, և' ԱՄՆ-ի, և' Ռուսաստանի, և'ԵՄ-ի հետ: Դժվար չէ˚ Հայաստանի նման փոքր երկրի համար:
- Այս ամենը մեզ համար նոր չէ: Մենք միշտ գործել ենք նման պայմաններում` հաջող, թե անհաջող: Մեր յուրօրինակությունն ու աշխարհին հետաքրքիր լինելը պայմանավորված է նաև դրանով: Սա մեր առավելությունն է, և այն պետք է օգտագործել առավելագույնս: Այսօր Հայաստանում ընթանում է նախընտրական պայաքար, որը սկսվել է մայիսին և կավարտվի չգիտենք, թե երբ: Մենք Հայաստանում հնարավորին արագ պետք է ավարտենք նախընտրական փուլը, որքան հանարավոր է արագ Հայաստանը պետք է հասկանալի դառնա ոչ միայն Իրանին, այլ նաև աշխարհին: Եվ միայն այս դեպքոււմ հնարավոր կլինի խոսել զարգացման տեսլականից:
Զրուցեց Ռոզա Խաչատրյանը