կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-01 14:25
Հասարակություն

Պետք է կարողանանք ՌԴ շուկային համապատասխան ապրանք ստեղծել

Պետք է կարողանանք ՌԴ շուկային համապատասխան ապրանք ստեղծել

Նախօրեին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ նախատեսվող արգելանքի պարագայում սպասվելիք իրավիճակն ու հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները:

Նույն թեմայի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ևս խորհրդակցություն է հրավիրել և գյուղմթերք արտահանող ընկերություններին հորդորել ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները:

Մեր արտադրանքն արդյո՞ք կարող է մրցունակ լինել ռուսական շուկայում, ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը կարո՞ղ է նպաստավոր պայմաններ ստեղծել ռուսական շուկայում հայկական մթերքի իրացման համար: Այս թեմայով` Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կարծիք հայտնեցին, որ հայկական շուկայում չկա այնքան ծավալի ապրանք, որը կարող է փոխարինվել թուրքականով:

Ըստ ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանի` խոսել կարող ենք հիմնականում գյուղմթերքի մասին, սակայն այստեղ էլ ծավալի խնդիր կա: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ` մեր գյուղմթերքի որակն ավելի բարձր է, քան թուրքականինը: Բայց, մյուս կողմից, մեր արտադրանքի ծավալները նվազել են»,- ասաց նա:

Ի դեպ, Նուշիկյանը նշեց, որ աշխատուժի շուկայում մենք կարող ենք պահանջարկ ունենալ, քանի որ թուրքական բոլոր ձեռնարկությունների աշխատանքն արգելվել է:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` Ալեքսան Պետրոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր է հաշվի առնել մթերքների գնային քաղաքականությունը, որը Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում խիստ տարբեր է: «Թուրքիան Ռուսաստանին 50 հազար տոննա պոմիդոր է վաճառել: Այստեղ միայն ապրանքների տեսականու հարցը չէ: Այստեղ գնային քաղաքականություն կա: Ռուսաստանը չի կարող երկու անգամ էժան ապրանք առնել մի երկրից, իսկ մեզանից երկու անգամ թանկ առնել: Մի բան էլ շեշտեմ`այնպես չէ, որ միայն Թուրքիան է այդ ապրանքները տվել ՌԴ-ին: Այդ ապրանքները, գյուղմթերքը Չինաստանն է տալիս, Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը, Չիլին: Մեր խնդիրն այն է, որ մեր ապրանքը թանկ է, ինքնարժեքը բարձր է: Իհարկե, Թուրքիայի դեմ սանկցիաների կիրառումը շատ լավ առիթ է, բայց մենք պետք է լավ աշխատենք, որ կարողանանք հաջողել: Այդ գնային տարբերությունը թող լինի մի քանի տոկոս, բայց չի կարող լինել կրկնակի: Ինչքան էլ ուզում է լավ շանս լինի, մենք չենք կարող օգտվել դրանից, քանի դեռ չունենք արտադրություն: Պետք է կարողանանք արտադրություն ապահովել և միայն այդ ժամանակ կկարողանանք գնային քաղաքականություն ապահովել»,- ասաց Պետրոսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե ապրանքի ինքնարժեքը բարձր է, խնդրահարույց է իրացման տեսանկյունից: «Ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև որևէ մեկին պետք չէ: Չի կարող ամբողջ աշխարհում պոմիդորը լինել, ասենք, տասը դրամ, Հայաստանի պոմիդորը` քսան դրամ»,- ասաց ՀՀԿ-ականը:

Նա անդրադարձավ նաև ապրանքների էժանացման հնարավորությանը: «Էժանացման մասին խոսելով` չեմ կարող չասել, որ էժանացումը շատ բաներից է կախված: Պետք է վարկային ռեսուրսներ լինեն, պետք է լույսը էժան լինի, պետք է բերքատվությունը բարձր լինի, որ մեկ միավոր ապրանքի վրա էներգակիրները քիչ տոկոս կազմեն, դա շատ բաներից է կախված: Հա, ուզում ենք լավ շուկա, շատ բան ենք ուզում, բայց ուզելու համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանաս քո ուզածին հասնել»,- ասաց պատգամավորը:

Ալեքսան Պետրոսյանի խոսքով` Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող սանկցիաները կարող էին Հայաստանի համար նպաստավոր լինել այն դեպքում, երբ մեր ապրանքը իր որակով, գնով համապատասխան լիներ այդ երկրին: «Թուրքիայից ապրանք չառնելը չի նշանակում, որ նույն ապրանքը մեզանից տասն անգամ թանկ գնով պետք է առնեն: Չինաստանից կառնեն: 300 հազար տոննա պոմիդոր էր արտահանել Չինաստանը, հիմա էլ կարտահանի 350 հազար տոննա. Թուրքիայի բաժինն էլ կվերցնի, դրանով կվերջանա: Մենք պետք է կարողանանք շուկային համապատասխան ապրանք ստեղծել»,- նշեց տնտեսական հանձնաժողովի անդամը և հավելեց, որ Հայաստանի` ԵՏՄ մուտք գործելը լավ հնարավորություն է, սակայն ԵՏՄ-ի շուկային հարմար ապրանք չունենք:

«Մենք պետք է այդ ապրանքը ստեղծենք, հետո նոր մտածենք` որտեղ պետք է այն իրացվի: Ապրանք չունենք, շուկայի կռիվ ենք անում: Հիմա ասենք` ՌԴ-ն ասում է` արի Թուրքիայի տեղը 50 հազար տոննա պոմիդոր արտադրի, կարտադրե՞նք»,- եզրափակեց Պետրոսյանը: