Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ կայացած` կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկման նպատակով տեղի ունեցած հանդիպմանը:
Քոքոբելյանի խոսքով` նման հանդիպումներն անհրաժեշտ և կարևոր են: «Որքան էլ տարբեր մեկնաբանություններ լինեն` այդ հարցի հետ կապված, միևնույն է, եթե կա գործընթաց սկսելու ցանկություն, ուրեմն կա նաև քննարկելու, պրոբլեմները վեր հանելու անհրաժեշտություն: Իհարկե, պրոբլեմները բոլորը գիտեն, բայց դրանց մասին խոսելը մի խնդիր է և ձևակերպումներով այդ խնդիրներին մոտենալը` մեկ այլ հարց: Ես գտել եմ, որ պետք է մասնակցել այդ հանդիպմանը, և մասնակցել եմ: Հանդիպման բոլոր մասնակիցներն էլ առաջարկներ հնչեցրել են: Պետք է ներկայացնենք առաջարկներ, որպեսզի հետո կարողանանք նաև պահանջել: Ես` որպես ընդդիմություն, որպես ազատական քաղաքական գործիչ, կողմ եմ քննարկմանը, այդ թվում` նաև հրապարակային մոտեցումներիին, և չեմ խորշում ասել, որ երեք առաջարկ եմ ներկայացրել այդ հանդիպմանը, որոնք, իմ կարծիքով, բավականին կարևոր են», - ասաց պատգամավորը:
Նա ասաց, որ առաջարկել է վերացնել մենաշնորհները: «Բնականաբար, դա հեշտ գործընթաց չէ, բայց անհրաժեշտ է, և դրա մեխանիզմները կան, նոր մեխանիզմներ հորինելու անհրաժեշտություն չկա: Առաջարկ եմ ներկայացրել նաև էֆեկտիվ կառավարման, ինչպես նաև արտաբյուջեն վերացնելու հետ կապված: Ես գտնում եմ, որ ավելի մեծ ստվերայնություն և կոռուպցիոն ռիսկերը լինում են հենց արտաբյուջեի հաշվին, և կարծում եմ, որ մեզ հարիր չէ արտաբյուջե ունենալը»,- ասաց պատգամավորը:
Քոքոբելյանի խոսքով`այսօրվա հրամայականն է ժամ առաջ թափանցիկ և հասարակության համար ընդունելի, ընկալելի գործողությունների շարան իրականացնել`կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու և բարեխիղճ կառավարման համար: «Այս կառավարությունը և իշխանությունը տառացիորեն դատապարտված է այս գործընթացը սկսելուն, այլապես ոչ միայն ծանր հետևանքներ կլինեն հենց իրենց համար, այլ նաև մեր ընդհանուր քաղաքացիների»,- ասաց նա:
Հարցին, թե վարչապետի հնչեցրած հայտարարության նման հայտարարություններ առաջին անգամը չէ, որ լինում են, ի՞նչ երաշխիք, որ դրանք կյանքի կկոչվեն, Քոքոբելյանը պատասխանեց, որ, իսկապես, եղել են այդօրինակ հայտարարություններ ինչպես ներկայիս և նախկին կառավարությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից:
«Բնականաբար, որևէ երաշխիք մենք չենք կարող տալ, այդ երաշխիքները պետք է իշխանությունը տա: Ես այն կարծիքը չեմ կիսում, որ այս կառավարությունը չի կարող դրանք իրացնել, որովհետև եթե այդպես մտածեի, չէի մասնակցի այդ հանդիպմանը: Ես ոչ թե ասում եմ, որ այս կառավարությունը հնարավորություն չունի, այլ ասում եմ, որ հարցը ցանկությունն է և հետևողականությունը: Բնականաբար կառավարությունը հնարավորություն ունի, որ այդ բոլոր խնդիրներին էլ լուծումներ տան, իսկ ենթադրելով վերջին հայտարարություններից, կարող ենք ասել, որ ցանկությունն էլ կա: Իսկ եթե չեն տա լուծումներ, բնականաբար, մենք մեր գնահատականները կտանք, բայց ես շատ կցանկանամ, որ դա գործի վերածվի, որովհետև այդտեղ կշահեն բոլորը, այդ թվում` մեր քաղաքացիները»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե մենաշնորհների դեմ պայքարի մասով օրեր առաջ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս մենաշնորհներ ունենալ, Քոքոբելյանը պատասխանեց. «Կան բնական մենաշնորհներ, որ աշխարհում կան, բայց Հայաստանում այդ իրողությունը չէ: Դրանք լրիվ այլ խնդիրներ են, այլ փիլիսոփայություն է: Լինում են բնագավառներ, որտեղ մասնատելու դեպքում ընդհանուր քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի են թանկանում կամ այլ խնդիրների են բերում, և կան բնական մենաշնորհներ, որոնք շատ ընկալելի են, բայց այստեղ խոսքը դրան չի վերաբերում: Խոսքը վերաբերում է նրան, որ ՀՀ Սահմանադրությունը պարտավորեցնում է նաև, որ կոռուպցիա չլինի, բայց կա, ՀՀ Սահմանադրությունը պարտավորեցնում է նաև, որ անօրինականություններ չլինեն, որ արդարադատություն լինի, բայց Հայաստանում արդարադատության գրեթե ամբողջական բացակայություն կա, և արդարադատության բացակայությունն է բերում նաև այսօրվա ոչ հավասար մրցակցային պայմաններին»:
Պատգամավորի խոսքով` եթե մատնանշվում է Սահմանադրությունը, պետք է ասել նաև, որ խոսքն իրավակիրառության մասին է և այն քաղաքական կամքի, որը բավարար լինի այդ իրավակիրառությունն ապահովելու համար:
«Հայաստանը, ընդհանրապես` լինի իշխանություն, թե` ընդդիմություն, այլընտրանք չունի: Մենք պատերազմող երկիր ենք, նաև` բնական ոչ մեծ ռեսուրսներ ունեցող: Անթույլատրելի է, և այլընտրանք չկա: Եթե այս կառավարությունը, իշխանությունն այդ խնդիրների լուծումը չտա, ստիպված է լինելու իր տեղը զիջել այն իշխանությանը, կառավարությանը, որը խնդիրների լուծման կտանի, որովհետև կոռուպցիան գաղտնիք չէ Հայաստանի համար, մենաշնորհները Հայաստանի համար դարձել են ազգային անվտանգություն խնդիր և արտագաղթի հիմնական պատճառ: Արդարադատության բացակայությունն է ծնում այս բոլոր իրողությունները: Սա պատճառահետևանքային կապ է, և վստահաբար ես պնդում եմ, որ արտագաղթի մեծ մեղքի բաժինը հենց գտնվում է այստեղ, և եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ոչ միայն վատ ապրողներն են հեռանում Հայաստանից, այլ նաև հեռանում են հնարավորություն ունեցողները, այնպիսի մարդիկ, ովքեր հարստացել են Հայաստանի քաղաքացիների շահերի հաշվին և, կապիտալը արտահանելով, արտագաղթում են»,- եզրափակեց պատգամավորը: