կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-30 15:32
Իրավական

Չգիտեմ՝ կճանաչեմ, թե չէ. Նորաշենի գյուղապետն` իր դեմ մահափորձի գործով կալանավորվածների մասին

Չգիտեմ՝ կճանաչեմ, թե չէ. Նորաշենի գյուղապետն` իր դեմ մահափորձի գործով կալանավորվածների մասին

Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանն իր դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող, վերջերս Թուրքիայից Հայաստան տեղափոխված և կալանավորված երիտասարդների հետ չի առերեսվել: Այս մասին Yerkir.am-ի  հետ զրույցում ասաց ինքը՝ Նորայր Գրիգորյանը՝ նշելով, որ այս ընթացքում իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են ժամանել և ոստիկանություն ներկայացել Նորաշենի գյուղապետի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով հետախուզվող անձանցից երկուսը՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը և 28-ամյա Արթուր Նազարյանը։

Դեռևս մայիսի 10-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել 4 անձի՝ 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:

Նորայր Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ լրատվամիջոցներից է իմացել հետախուզվողների հայտնաբերման մասին: «Կայքում եմ կարդացել, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, ոչ մեկ չի ծանուցել»,-ասաց նա:

Հարցին, արդյո՞ք ճանաչում է այս գործով կալանավորվածներին, գյուղապետը պատասխանեց. «Չգիտեմ՝ կճանաչեմ, թե չեմ ճանաչի, երբ որ քննությունը գնա, պարզ կլինի , բոլորդ էլ կիմանաք»:

Երբ գյուղապետին հիշեցրեցինք, որ նախկինում լրատվամիջոցների հետ զրույցներում ինքը հայտնել է, որ չի ճանաչում այդ մարդկանց, նա ասաց.

«Էն ժամանակ ես նման բան չեմ պատասխանել: Եթե ուզում եք ճիշտն իմանալ՝ իմ վարորդն է ձեզ պատասխանել, դուք որ զանգել եք՝ իմ հեռախոսը իմ վարորդի մոտ է եղել»:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արտաշատից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կարեն Ղազարյանի վարած մեքենայի ճանապարհը և անհայտ հրազենով կրակահերթ արձակել նրա ու մեքենայում գտնվող Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:

Արդյունքում`Կարեն Ղազարյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Ղազարյանի մոտ ախտորոշվել է աջ ազդրի, ձախ սրունքի և ուսի հրազենային վիրավորում: Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանության փորձը՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Կատարվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: