Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Արտաշատից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին կրակահերթից վիրավորված 33-ամյա Կարեն Ղազարյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել գիշերը և անմիջապես վիրահատության ենթարկվել:
Ղազարյանի մոտ ախտորոշվել է աջ ազդրի, ձախ սրունքի և ուսի հրազենային վիրավորում: Նրան վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:
Մեր այցելության ժամանակ տուժածի հիվանդասենյակի մոտ ոստիկանական հսկողություն էր: Ղազարյանի հարազատները Yerkir.am-ին հայտնեցին, որ Կարենը վարել է իր անձնական «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան, իսկ դեպքի վայրից նրան «Արտաշատի» ԲԿ է տեղափոխել գործող գյուղապետը՝ Նորայր Գրիգորյանը:
Նախնական վարկածի համաձայն՝ փորձել են սպանել մեքենայում գտնվող գյուղապետին, սակայն կրակոցները նրան չեն դիպել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ժամանակին լարված են եղել Գասպարյանի և նախկին գյուղապետ Արտուշ Սարգսյանի հարաբերությունները: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, թե իբր հանրապետությունում չէ և տեղյակ չէ դեպքից, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նա երկրում է:
Նշենք, որ Նորայր Գրիգորյանը գյուղապետ է ընտրվել 2016 թ-ի սեպտեմբերի 18-ին՝ 254 ձայնի առավելությամբ առաջ անցնելով ՀՀԿ-ական գյուղապետ Արտուշ Սարգսյանի նկատմամբ:
Գործող գյուղապետ Նորայր Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ թշնամիներ չունի:
Մեզ հայտնեցին, որ Կարենը գործող գյուղապետի ընկերն է, ունի երկու երեխա: Նա նախորդ տարի է վերադարձել ՌԴ-ից և որպես վարորդ է աշխատում:
Հարազատների խոսքով՝ Կարենը թշնամիներ չունի, և դժվար թե կրակոցները նրան ուղղված լինեին:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանության փորձը՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Կատարվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: