Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկի քննարկման ժամանակ հարակից զեկուցող` ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ քննարկումը թեմային համահունչ չէր: Նրա խոսքով` քննարկման ժամանակ խոսվեց ամեն ինչից, բացի բուն թեմայից: «Ես այդպես չեմ վարվելու ու խոսելու եմ հստակ։ Որևէ հիմնավորված անհրաժեշտություն չկա, որ հարցի քննարկման համար պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով»,- ասաց Նաղդալյանը:
Նա նաև նշեց, որ մենք ունեինք 3 մլն-անոց շուկա, բայց այսօր մուտք են գործել 180 մլն-անոց շուկա, իսկ «Ելք»-ն ասում է` 800 մլն-անոցն ավելի լավն է, եկեք գնանք այնտեղ, ինչը Նաղդալյանի համար անընդունելի է:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդես եկավ արտահերթ ելույթով և նշեց, որ իր անձնական տեսակետն է, որ բացասական եզրակացություն պետք է տալ նախագծին, քանի որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։
Հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթով հանդես եկավ և նախ անդրադարձավ Հերմինե Նաղդալյանի ելույթին: «Հիմնական թեմայից շեղվելու թիվ մեկ մեղադրողն ավելի շատ շեղվեց թեմայից բոցաշունչ կերպով։ Անընդհատ ասում եք` դուռ, հա դուռ, բայց ցույց չտվեցիք, թե որն է այդ դուռը։ Հիմա դա դո՞ւռ է, չոռնի խո՞դ, թե՞ սողանցք, որ պետք է չոքեչոք անցնեք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` ոչ ոք չհիմնավորեց, թե ԵՏՄ-ն ինչու է լավ բան: «Միակ, քիչ թե շատ հիմնավորումը տվեց Արտաշես Գեղամյանը, որ եթե դուրս գանք, գազը կթանկանա, ու ամեն ինչ վատ կլինի»,- ասաց նա, ապա շեշտեց, որ իրենց ասածն էլ դա է, որ նրանք մեզ հետ շանտաժի լեզվով են խոսում:
Ըստ Փաշինյանի` այս ժամանակավոր հանձնաժողովը հենց քաղաքական մեծամասնության համար են իրենք ուզում ստեղծել: «Որ դուք ասեք` ինչի համար է լավը ԵՏՄ-ն: Որ հարցի քննարկումը ոչ թե մեկ ժամում լինի, այլ ավելի երկար ժամանակում կարողանանք հարցը համակողմանի քննարկել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ելք»-ի` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը չընդունվեց: