կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-11 22:54
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կարապետյանը երգեց չոռնի կարապների երգը

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կարապետյանը երգեց չոռնի կարապների երգը

Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Ամստերդամի եւ Երեւանի կենդանաբանական այգիների տնօրենների հետ առաջ էր քաշել Երեւանի կենդանաբանական այգու հենքի վրա «տարածաշրջանային ուսումնական կենտրոն» ստեղծելու գաղափարը: Այլ կերպ ասած` մեր կենդանաբանական այգին էլ են դարձնելու մոտավորապես համաշխարհային կենտրոն:

Հաշվի առնելով Հայաստանում տարատեսակ համաշխարհային կենտրոններ ստեղծելու` վերջին մի քանի տարիների փորձը, քաղաքապետի այս հայտարարությունը վատ հետեւանքներ պետք է ունենար:

Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում մեր կենդանաբանական այգու կենդանիները սատկում են: Մասնավորապես` սատկել են սեւ կարապներից երկուսը, որոնց վարձակալության հանձնելով Պարզ լճի շրջակայքում «հանգիստ կազմակերպող» ընկերությանը, կենդանաբանական այգին փող էր աշխատում:

Բայց խնդիրը միայն այն չէ, որ կարապները սատկել են: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը չափազանց գոհ կլիներ, եթե մեր թղթակցի հետ զրույցում իրեն հաջողվեր թաքցնել այդ փաստը: Նրան ավելի շատ հետաքրքրել է, թե որտեղից է  կարապների սատկելու մասին տեղեկության արտահոսքը:

Նա սկզբում հրաժարվել է ասել, թե ում են «վարձակալությամբ» հանձնված եղել կարապները, ինչից արդեն կարելի էր ենթադրել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Եվ միայն օրվա վերջին, երբ ակնհայտ է դարձել, որ կարապների սատկելու պատմությունը այլեւս թաքցնել հնարավոր չէ, կենդանաբանական այգու տնօրինությունը պաշտոնապես մեզ տեղեկացրել է, թե որտեղ են սատկել դրանք:

Այս պատմությունը ցույց է տալիս, որ մեր կենդանաբանական այգին կարող է դառնալ տարածաշրջանային կամ համատիեզերական կենտրոն ճիշտ այնպես, ինչպես արդեն «դարձել են» Գյումրին, Դիլիջանը, Ջերմուկը...