կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-12 18:43
Քաղաքական

ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

Հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդի որոշմամբ լրացում է կատարվել «Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» որոշման մեջ, որով մեկով ավելացվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը:

Փոփոխություններ են կատարվել «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ. ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը, իսկ Միջխորհրդարանական միությունում Կարինե Աճեմյանին՝ Շուշան Սարդարյանը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել նաեւ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Խորհուրդը հաստատել է միջխորհրդարանական հանձնաժողովներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման ու գործունեության, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության կարգերը: Նշվել է, որ որոշման նախագիծը նպատակ ունի ապահովելու պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետությունը:

Հաստատվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 39 հարց, հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 26 հարց: Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծերի քննարկման համար որոշվել է տրամադրել 90-ական րոպե: