կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-08 13:31
Հասարակություն

«Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը պարզ կլինի աուդիտից հետո

«Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը պարզ կլինի աուդիտից հետո

«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները օգոստոսի 7-ին հանդիպել են ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Հոլդինգը ցանկանում է ներդրումներ կատարել «Նաիրիտ» գործարանում՝ այն վերագործարկելու համար, և այժմ բանակցություններ են ընթանում ՀՀ կառավարության և հոլդինգի ներկայացուցիչների միջև:

«Նաիրիտ»-ի նախկին տնօրեն` բանակցային կողմ հանդիսացող Կարեն Իսրայելյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ հոլդինգի և կառավարության ներկայացուցիչների միջև հանդիպումը եղել է բավական բովանդակալից: «Հանդիպման հիմնական արդյունքն այն էր, որ կողմերը փոխադարձ ցանկություն հայտնեցին «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցում, և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետք է ստեղծվի համապատասխան փաստաթուղթ, որը պետք է ստորագրեն կողմերի ներկայացուցիչները  «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցում»,- ասաց նա:

Իսրայելյանի խոսքով՝ մշակվելու է փաստաթուղթ, որով հոլդինգի ներկայացուցիչները տեխնիկական աուդիտ են անցկացնելու գործարանում կառավարության համաձայնությունը ստանալուց հետո: «Մեկ տարի առաջ հոլդինգը կառավարություն ներկայացրեց վերագործարկման ծրագիր, համաձայն որի՝ «Նաիրիտ»-ի վերագործարկումը հնարավոր է կատարել 1,5 տարվա ընթացքում, 70-100 մլն դոլար գումարով: Դա մեկ տարի առաջ էր, սակայն հիմա «Նաիրիտ»-ում ահագին բան է փոխվել, գույք է օտարվել, դրա համար հոլդինգը պետք է տեխնիկական հետազոտություն անցկացնի, որ հասկանա, թե որքան գումար է հարկավոր վերագործարկման համար»,- ասաց նա:

Հանդիպմանը ներկա` հոլդինգի անգլիացի ներկայացուցիչ Գարի Նևիլը նշեց, որ գործարան վերագործարկելը բավական ժամանակատար գործընթաց է, և մեծ աշխատանք պետք է կատարվի այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ նախևառաջ պետք է հետազոտական շրջայց կատարել գործարան` իրական ռեսուրսներին ծանոթանալու համար:

Բուլղարիայի ներկայացուցիչ Պլամեն Ռուսևի կարծիքով՝ գործարանը լավ վիճակում է: «Ճիշտ է, այն շուրջ 7 տարի չի աշխատում, բայց լավ վիճակում է: Մոտավորապես 6 ամսվա ընթացքում աուդիտ կանցկացնենք և միայն դրանից հետո կկարողանանք ասել կոնկրետ ժամանակ գործարանի վերագործարկման համար»,- եզրափակեց նա: