կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 18:20
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը բարձրացրեց «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը

Արծվիկ Մինասյանը բարձրացրեց «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Հարցը վերաբերում էր «Նաիրիտ» ՓԲԸ-ին 

«Նկատի ունենալով այդ գործարանի դերակատարությունը և գործարանի վերաբերյալ կառավարության հայտարարությունները, ցանկալի է, որ նախարարը ներկայացնի, թե այս պահին ի՞նչ է տեղի ունենում «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կառավարության դիրքորոշումներում, մասնավորապես՝ պահպանվե՞լ է, արդյոք, այն դիրքորոշումը, որ գործարանը կվերագործարկվի, արդյո՞ք կառավարությունը վերցրել է բաժնետոմսերը՝ որպես սեփականություն, ճի՞շտ է, որ գործարանում սկսվել է գույքի վաճառք, արդյո՞ք ներկայացվել է վերագործարկման ծրագիր գործարանի աշխատավորական կոլեկտիվի կողմից, և ինչպիսի՞ն է կառավարության վերաբերմունքը Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ»-ում տեխնիկական աուդիտի վերաբերյալ»,- հարցրեց պատգամավորը:

Նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ «Նաիրիտ»-ը շարունակում է մնալ պարապուրդում:

«Յուրաքանչյուր ամիս գործարանի 450 մարդու աշխատավարձ է վճարվում, որ կազմում է 70-75 միլիոն դրամ: Կառավարությունը կողմ է գործարանի վերագործարկմանը, և եթե լինի պոտենցիալ ներդրող, պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի կողմից տեխնիկական աուդիտին, ապա կառավարությունը որևէ հիմք չունի այդ ուսումնասիրությունները  կասկածի տակ դնելու, իրենց դիրքորոշումն այն է, որ այսօր նպատակահարմար չէ վերագործարկել գործարանը, իսկ ի՞նչ կլինի գործարանի ճակատագիրը հետագայում, ցույց կտա ժամանակը:

Բաժնետոմսերի վերաբերյալ նախարարն ասաց, որ դրանք կանցնեն պետական կառավարմանը, որից հետո կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը: Նա նշեց նաև, որ գույքի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Արծվիկ Մինասյանն արձագանեց, որ այնպիսի սխեմա պետք է մշակել, որ ներդրողները ցանկանան ներդրում կատարել, հակառակ դեպքում՝ երբ «Նաիրիտ»-ի պարտատերերը պահանջում են իրենց պարտքերը, նման պայմաններում ներդրումներ չեն լինի: Ըստ պատգամավորի՝ կառավարությունը կոնկրետ առաջարկներ պետք է ներկայացնի, որ ներդրողները շահագրգռված լինեն ներդրումներ անել:

«Մենք էլ ենք պատրաստ համագործակցել և վերագործարկման գաղափարը առաջ քաշել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարն էլ պատասխանեց, որ Արծվիկ Մինասյանը երեք տարի զբաղվել է «Նաիրիտ»-ի հարցով, բայց կոնկրետ նախաձեռնություն ու առաջարկություն չի ներկայացրել: Հետո, երբ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց իր առաջարկությունների մասին, նախարարը խոսքը փոխեց՝ ասելով, որ Արծվիկ Մինասյանը ընդհանուր առաջարկություններ ներկայացրել է, բայց կոնկրետ առաջարկ չի արել: