կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 23:43
Տնտեսական

Կառավարությունը հիմնադրում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ

Կառավարությունը հիմնադրում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հիմնադրելու մասին։

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման, կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով առաջացել է սույն որոշման նախագիծն մշակելու անհրաժեշտությունը։

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

2017 թվականին սկիզբ է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին։ Ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործման:

Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ։ Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։

ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի Հայաստանում ներդրումների, միջազգային ընկերությունների ներգրավմանը, արտահանման խթանմանը, ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ և Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ ակնկալվում է մարզի տնտեսական աճի տեմպերի արագացում, բնակչության եկամուտների աճ և աղքատության կրճատում, բնակչության զբաղվածության աճ և գործազրկության մակարդակի նվազում, մարզի տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում (դիվերսիֆիկացիա) և այլն: