Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը վաղը «Ֆարմատեք» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում 3 տարի ժամկետով ու երկարաձգելու հնարավորությամբ շահագործողի թույլտվություն կտրամադրի` դեղագործական գործունեության իրականացման համար:
«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը, համոզված են կառավարությունում, հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
«Ֆարմատեք» ՓԲԸ-ն զբաղվում է դեղորայքի, դեղագործության մեջ կիրառվող պարագաների արտադրությամբ, դեղագործական սարքավորումների մոդելավորմամբ և հավաքմամբ, լոգիստիկ պահեստային ծառայությամբ: Ուստի ընկերության'ազատ տնտեսական գոտի մուտքը և գործունեությունը նպատակաուղղված է ավելացված արտադրական հզորությունները շահագործելուն, սեփական ապրանքատեսականին ընդլայնելուն' ներառելով նոր դեղաձևեր, գործունեության նոր գաղափարներ ներկայացնելուն:
Ըստ կառավարության հաստատմանը ներկայացվելիք որոշման նախագծի' «Ֆարմատեք» ՓԲԸ ԱՏԳ-ում գործունեության առաջին 5 տարիների ընթացքում ընկերության հաստիքացուցակը կավելանա' հասնելով 94 աշխատակցի, իսկ պլանավորված աշխատավարձի մակարդակը կլինի շարունակական միջինից բարձր:
«Ընկերությունը արդեն կատարել է մոտ 1,2 մլն եվրոյի ներդրում սարքավորումների և «մաքուր տարածքների» մեջ' նպատակ ունենալով ընդլայնելու ներկայիս ապրանքատեսականին' ներառելով աչքի կաթիլներ և հաբեր: Նախատեսվում է կատարել 4,5 մլն եվրոյի ներդրում ներարկման դեղամիջոցների արտադրության կազմակերպման մեջ»,- նշում է կառավարությունը:
Կառավարությունը համարում է, որ «Ֆարմատեք» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը համապատասխանում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջներին' գործարար ծրագիրը գնահատվել է 90 միջին միավոր (անցողիկ շեմ' 60 միավոր), ուստի կառավարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել «Ֆարմատեք» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: