Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ):
Նախագահ Սարգսյանն ասել է, որ օտարերկրյա ներդրողների և կազմակերպությունների ղեկավարների հետ իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում հետաքրքրություն է ցուցաբերվել նաև Մեղրիի ԱՏԳ-ի նկատմամբ, և այսօր ինքն այցելել է՝ անձամբ տեսնելու և ծանոթանալու ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ «Մարդիկ տեղյակ են, որ Հայաստանում՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի է ստեղծվում: Այդ մասին հարցնում են թե՛ արևմտյան, թե՛ ռուսական ընկերությունները։ Քանի որ փորձում եմ ներդրողներ հրավիրել Հայաստան, ինձ համար կարևոր էր անձամբ տեսնել, որպեսզի հնարավորինս աջակցեմ՝ խորհրդակցելով կառավարության գործընկերների հետ»,-ասել է նախագահը։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նա շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել առկա պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, հետաքրքրվել կենտրոնի հագեցվածությամբ և խնդիրներով։ Նախագահին տեղեկատվություն է ներկայացվել կենտրոնում մատուցվող ծառայությունների և դրանց հասանելիության ու որակի մասին:
Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնը շահագործվում է 2016 թվականից: Այն կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում և սպասարկում է Ագարակ, Մեղրի քաղաքների և հարակից գյուղական համայնքների բնակչությանը:«Տպավորված եմ, որ այստեղ ժամանակակից հիվանդանոց կա, որտեղ հոյակապ մարդիկ են աշխատում։ Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով։ Հանրապետության նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է Մեղրի, բայց իհարկե վերջինը չէ, շուտով նորից կգամ»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է նախագահը։
Արմեն Սարգսյանն այցելել է նաև Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։