|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել: Թատրոնի` արդեն իսկ նախկին տնօրենը` Ստեփան Դավթյանը, բոլորել է իր 65-րդ տարին, և, ըստ օրենքի, այլևս չի կարող պաշտոնավարել:
Yerkir.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արդեն իսկ կա ներկայացված հայտ կամ հայտեր: Իսկ թե ով կամ ովքեր են դիմել այդ հաստիքի համար` անունը կամ անունները հայտարարել դեռ չեն կարող:
Ի դեպ, հայտադիմումներն ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 28-ն է:
Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշանակվել է Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Համազգային թատրոնի տնօրենի գործառույթները կատարում է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը:
Մշակույթի նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ Համազգայինի տնօրենի ընտրության մրցույթ դեռ չի հայտարարվել: