կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 13:02
Մշակույթ

Փարաջանովին կրկնօրինակելու համար չենք ստեղծել թատրոնը. Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը ՀՀ-ում է

Փարաջանովին կրկնօրինակելու համար չենք ստեղծել թատրոնը. Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը ՀՀ-ում է

Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը հոկտեմբերի 19-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Կյանքը չես խաղա երկրորդ անգամ» ներկայացմամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-23-ին նրանք հանդես էին եկել «Արմենիադա»` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացմամբ:

Այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբեն լրագրողներին հայտնեց, որ հայ հանդիսատեսի հետ շփումը ցույց տվեց, որ Հայաստանում լուրջ հանդիսատես կա, որն ընդունում է նորարարական ներկայացումները, միայն թե` որակով լինեն:

«Այնքան տարբեր կարծիքներ էին հայտնել հանդիսատեսի մասին, որ վախենում էի` չընդունեն մեր ներկայացումը, այն էլ` ռուսերեն լեզվով, բայց նրանք ոչ միայն ընդունեցին, այլևս սիրեցին: Թատրոնը պետք է գնա ոչ թե հանդիսատեսի քմահաճույքի հետևից և նվիրվի շոու-բիզնեսին, այլ մնա այն գաղափարին, որ հանդիսատեսը պետք է գնա թատրոնի հետևից»,- ասաց Գաբեն:

Նա նշեց նաև, որ Մոսկվայում Փարաջանովի թատրոնն արդեն իր կայուն հանդիսատեսն ունի, որոնց թվում, ճիշտ է, կան հայեր, բայց մեծ մասամբ ռուս մտավորականներն են այցելում ներկայացումներին: «Մենք ուզում էինք ստեղծել թատրոն, որ ոչ թե նրա արվեստը կրկնօրինակենք, ինչն անհնար էլ է, այլ շարունակենք պահպանել նրա` վառ գույներով աշխարհը: Թատրոնն արդեն 20 տարեկան է, և կարող եմ փաստել` վաղուց արդեն կայացած թատրոն է»,- ասաց Գաբեն:

Նա նշեց նաև, որ Փարաջանովի կինն ու որդին մշտապես իրենց կողքին են, աջակցում են իրենց գաղափարներին: