կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-19 17:20
Իրավական

Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ:

Մանրամասն քննարկման առարկա են դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, արձանագրված հանցագործությունների բացահայտմանը, համապատասխան քրեական գործերով իրականացվող օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի անտառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց բացահայտումն ապահովելուն և նրանց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող այն հանգամանքները, որոնց իրավապահ համակարգը բախվում է քրեադատավարական պրակտիկայում: Ուշադրություն է դարձվել անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերին, դրանց լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերին: 

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պետք է էապես ակտիվացնել այս ոլորտում դատախազական հսկողությունը, և հետևողական պայքար է ծավալվելու այս բնույթի հանցագործությունների ինչպես կանխարգելման, այնպես էլ բացահայտման և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության երթակելու ուղղությամբ: Գլխավոր դատախազը շեշտել է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է այդ գործերով նախաքննության պլանավորամանը, ապօրինի անտառահատման հանցակազմ պարունակող բոլոր դեպքերում ներգրավված, շատ հաճախ միտումնավոր թաքցվող հանցակիցների ամբողջական շրջանակի բացահայտմանը, անտառահատումների փաստերին առնչություն ունեցող իրավասու բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու վրա:

Ելնելով արծարծված հիմնահարցերի վերլուծությունից, ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է ապօրինի անտառահատումների դեմ իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելու խոչընդոտները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն միտված կոնկրետ հանձնարարություններ:

Մասնավորապես, հանձնարարվել է այս հանցատեսակի փաստով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: Որոշվեց նաև դիմել՝  

•        ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին՝ առավել հստակեցնելու, որոշ դեպքում նաև վերանայելու այն իրավակարգավորումները, որոնցում առկա անորոշությունները, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումները մինչ այժմ քիչ արդյունավետ են դարձրել ապօրինի անտառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելումը, այդ փաստերով հարուցված քերական գործերի օբյեկտիվ, լիարժեք և ամբողջական քննության իրականացումը, պետությանը հասցված վնասի իրական ծավալների բացահայտումն ու հատուցման լիարժեքության ապահովումը,

•       ՀՀ Ոստիկանության պետին՝ ապահովելու անտառային և ոչ անտառային գոտիներում ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացումը,

•      ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի  նախագահին՝ ակտիվացնելու օրենքով նախատեսված վարչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները փայտավերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ փայտահումքի ձեռբերման, դրա հետ կապված ֆինանսական հոսքերի օրինականության կտրվածքով, և, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող իրավախախտումների հայտնաբերման դեպքում, նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը:

Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև մշտադիտարկման ենթարկել ապօրինի ծառահատումների մասին ահազանգ պարունակող  ԶԼՄ բոլոր հրապարակումները և անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության առարկա դարձնել դրանցում ներկայացված բոլոր հանգամանքները կամ փաստերը:

ՀՀ գլխավոր դատախազություն