Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ 5 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ` պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:
Այսպես, քրեական գործով կատարված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով՝ նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց, բացի այդ, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի զանգվածային ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ընդգրկված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար, այդ թվում` ղեկավար անձինք, ովքեր ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու և պատճառված վնասը նվազեցնելու դիմաց, խմբով` նախնական համաձայնությամբ, Արծվաբերդի անտառտնտեսության 3 անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք շահադիտական և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անհիմն կերպով նվազեցրել են ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասների իրական չափերը և այդ մասին կեղծ տեղեկություններ մտցրել ստուգման վերաբերյալ կազմված ակտում:
Այսպիսով, պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու համար անտառապետերին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար տեսչության մյուս պետական տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Երկու անտառապետերի և պետական տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ինչպես Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, հիշյալ քրեական գործի շրջանակներում, Սյունիքի անտառտնտեսություն մասնաճյուղում իրականացված ստուգումների դրվագով մեղադրանքներ էին առաջադրվել 6 անձանց, այդ թվում` ՀՀ բնապահպանական նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության 3 պաշտոնյաներին և 2 անտառապետերին: Այսպիսով, նշված քրեական գործով ընդհանուր առմամբ 11 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, որոնցից 10-ը ղեկավար պաշտոնատար անձինք են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՔԾ մամուլի ծառայություն