Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը:
Այսօր փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողներին հայտնեց, որ փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկվելու 1100 հայտ են ստացել: Ըստ նրա` «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում 12 ֆիլմ է ընդգրկվել: «Հիանալի ֆիլմեր կան մրցույթում, օրինակ` Չեխիան ներկայացնող Յուլիուս Շևչիկի «Մասարիկը», որն իրենց կինոփառատոնի ժամանակ բոլոր անվանակարգերում մրցանակի արժանացավ: Վրաստանի ֆիլմը` «Խիբուլա»-ն, մի կերպ ենք ընտրել, քանի որ մի քանի հայտեր կային Վրաստանից, բոլորն էլ` լավ ֆիլմեր: Հնդկաստանից էլ ունենք մեկ ֆիլմ` Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան»-ը»,- ներկայացրեց Ստամբոլցյանը:
Ի դեպ, հայկական ֆիլմերից այս անվանակարգում ընդգրկվել է Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը:
«Ոսկե ծիրան»-ի փոխտնօրեն, կինոռեժիսոր Արա Խանջյանն էլ տեղեկացրեց, որ «Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում 16 ֆիլմ է ընդգրկված: «Վավերագրական ֆիլմերն այս տարի հիմնականում մարդկային ճակատագրերի մասին են, մարդ մնալու պայքարի մասին: Ունենք ինչպես պրեմիերաներ, այնպես էլ ֆիլմեր, որոնք մի շարք մրցանակների են արդեն իսկ արժանացել: Թուրքիան կմասնակցի մրցույթին Սերդար Օնալի «Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմով, որը մի հայ կնոջ մասին է, որ ապրում է Թուրքիայում և անում ամեն ինչ, որպեսզի պահպանի իր ինքնությունը: Իսկ Հայաստանից այս անվանակարգում ընդգրված է Արա Մնացականյանի «Դատավարությւոն» ֆիլմը»,- ասաց Խանջյանը:
Բացի այդ` «Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում կցուցադրվեն Տոմմազո Կոտրոնեի «Արյուն և լուսին» /Իտալիա/, Ռաթի Օնելի «Արևի քաղքը» /Վրաստան/, Մարի Դյումոռայի «Բելինդա» /Ֆրանսիա/, Մարչին Կոպեչի «Քայլելու հմտությունը» /Լեհաստան/ և այլ ֆիլմեր:
Փառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ նշեց, որ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ընդգրկված 19 ֆիլմերին հնարավորություն են ընձեռել այլ անվանակարգերում նույնպես առաջադրվել: Ըստ նրա` այս անվանակարգում ընդգրկված ֆիլմերի 80 տոկոսը պրեմիերաներ են: «Կան ֆիլմեր էլ, որոնց մասին շատ-շատ ենք լսել, սակայն փառատոնին մասնակցելու դրական կողմերից մեկն էլ այն է, որ մենք քննարկումներ ենք ստեղծելու այդ ֆիլմերի շուրջ»,- ասաց Մովսիսյանը:
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում ընդգրկված են Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լավ էր լինում», Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայները», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան», Գիորգի Սիխարուլիձեի «Կարմիր խնձորներ» և այլ ֆիլմեր:
Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը: