կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 14:25
Մշակույթ

Կաննի լավագույն 7-8 ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

Կաննի լավագույն 7-8 ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

Հուլիսի 9-16-ը կինոսերների համար իսկական տոն կլինի. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը խոստանում է ֆիլմերի հրավառություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին կինոփառատոնի կազմակերպիչները` տեղեկացնելու փառատոնի ընթացքի և այս տարվա անակնկալների մասին: Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ փորձել են աշխարհի լավագույն ֆիլմերը Հայաստան բերել: Այս տարի, ի դեպ, փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ 96 երկրից. մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ:

«Կինոփառատոնին փորձում էինք Կաննի ֆիլմերը բերել և մեզ հաջողվեց 7-8 ֆիլմ բերել, ինչպես նաև Բեռլինի, Վենետիկի, Ռոտերդամի լավագույն ֆիլմերը: Կարելի է պատկերացնել` մշակութային ինչ խրախճանք է լինելու: Ինչ վերաբերում է հայկական ֆիլմերին, ապա շուրջ 45 ֆիլմ է մասնակցում փառատոնին. տարիներ առաջ, երբ հանձն առանք կինոփառատոնը ստեղծել, հայկական կինո չկար` 2 հայկական կիսատ-պռատ ֆիլմ էր փառատոնին մասնակցելու հայտ ուղարկել, իսկ հիմա 45-ը մասնակցում են, 45-ի հայտերն էլ մերժել ենք»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով էլ` «Ոսկե ծիրանն» իրականության մեջ ոչ միայն կինոյի, այլև մշակույթի տոն է, և այն կարողանում է պայծառություն ու ջերմություն հաղորդել Երևանին: «Կինոփառատոնը կինոյի զարգացման մեր հայեցակարգում կարևոր դեր է ունենալու, քանի որ այն ոչ միայն փառատոն է, այլ նաև հարթակ, որտեղ շփվում են կինոգործիչները: «Ոսկե ծիրանը» կարող է մեծ դերակատարում ունենալ կինոյի զարգացման գործընթացում»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ, չնայած այս տարվա դժվարագույն ֆինանսական խնդիրներին, փառատոնը ոչնչով չի զիջելու նախորդներին: Ամիրյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի փառատոնին կտրամադրեն 4 շարժական կինոթատրոններ /ևս երեքը կինոփառատոնն ունի/ և քաղաքի 7 կետերում կլինեն բացօթյա ցուցադրություններ:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն անդրադարձավ ժյուրիի կազմին: Ըստ նրա` շատ կարևոր է, որ ժյուրին հեղինակություն ունենա կինոյի ոլորտում, քանի որ մասնակցի համար էական է` ով է իրեն դատում և ումից է մրցանակ ստանում: Ստամբոլցյանը նշեց, որ «Միջազգային խաղարկային մրցույթի» ժյուրին կգլխավորի անվանի կինոռեժիսոր Հյու Հադսոնը, որի մի ֆիլմը 4 անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել: Բացի այդ` «Վավերագրական մրցույթ»-ի ժյուրին կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Յուջին Քորը, իսկ «Հայկական համայնապատկեր»-ը` Դավիթ Սաֆարյանը: