կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 17:30
Մշակույթ

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնն այս տարի կրում է  «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը: Փետրվարի 20-ից 26-ը «Մոսկվա» կինոթատրոնում 17.00-ին, 18.00-ին և 20.00-ին կցուցադրվի բրիտանական յոթ ֆիլմ: Փետրվարի 20-ին` 16.30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով:

Ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարուհին բրիտանական կինոյի և թատրոնի` արդեն դասականի համարում ունեցող օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն է:

Շերլոկ Հոլմսի սիրահարների համար փետրվարի 21-ին կցուցադրվի «Միստր Հոլմս» ֆիլմը: Երիտասարդ և հմայիչ Հոլմսի կերպարի սիրահարներին անակնկալ է սպասվում: Այս ֆիլմում հայտնի խուզարկուն արդեն թոշակառու է, ինչը, սակայն, չի խանգարում, որպեսզի լուծում տա 50 տարի առաջ չբացահայտված գործին:

Ի՞նչ փորձությունների կարող է ենթարկվել ամուսնության 45-րդ տարին նշել պատրաստվող զույգը: Ծերունական տարիքում զգայական սիրո մասին պատմող «45 տարի» ֆիլմը համարվում է 2015 թվականի լավագույն կինոնկարներից մեկը: Այն արդեն մրցանակների է արժանացել Բեռլինի և Էդինբուրգի կինոփառատոներում, իսկ գլխավոր դերակատարուհին`Շառլոթ Ռեմփլինգը, առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի փետրվարի 22-ին:

Փետրվարի 23-ին և 24-ին կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր: Մեր օրերի տաղանդավոր երգչուհի Էմի Ուայնհաուսի և հեղափոխական դերասան Մառլոն Բրանդոյի մասին պատմող ֆիլմերն այս արվեստագետներին կներկայացնեն մինչ օրս երկրպագուներին անծանոթ տեսանկյունից: «Էմի» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի:

Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Ծովախեցգետին» ֆիլմը արժանիորեն ստացել է արտասովոր ու տաօրինակ ֆիլմերից մեկի կոչումը: Ֆիլմի հերոսը պետք է 45 օրվա ընթացքում գտնի համապատասխան կողակից, հակառակ դեպքում` կվերածվի կենդանու: Այս ֆիլմը փառատոնի շրջանակում կցուցադրվի փետրվարի 25-ին:

Փառատոնը Երևանում կեզրափակվի «Լոնդոնյան ճանապարհ» մյուզիքլով: «Լոնդոնյան ճանապարհը» վերարտադրում է 2006 թ․ Սաֆոլքում տեղի ունեցած դեպքերը, երբ խաղաղ գավառական Իսփուիչ քաղաքը ցնցվեց հինգ կնոջ մարմինների հայտնաբերմամբ։ Այս ֆիլմում նկարահանվել են բրիտանական նորօրյա լավագույն դերասանները` Թոմ Հարդին և Օլիվիա Քոլմանը: