կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 15:36
Մշակույթ

Աշխարհի լավագույն ֆիլմերը բերվել են Հայաստան. «Ոսկե ծիրան»-ին հաշված օրեր են մնացել

Աշխարհի լավագույն ֆիլմերը բերվել են Հայաստան. «Ոսկե ծիրան»-ին հաշված օրեր են մնացել

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը բերեց անկախության այն բոլոր գաղափարները, որոնք մեզանում ձևավորվել էին. այսօր լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` խոսելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին:

Արդեն 13-րդ անգամ անցկացվող կինոփառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Նախարարի հավաստմամբ` փառատոնի շնորհիվ կարողացանք վերանայել մի շարք սահմաններ, որոնք գոյություն ունեին մեզ մոտ և աշխարհում:

«Կինոփառատոնն ընդգրկում է այն բոլոր հասկացությունները, որոնք ներառում է անկախությունը: Ինձ՝ որպես մշակույթի նախարարի, հետաքրքրելու է մասնավորապես այն ծրագիրը, որն ամփոփելու է անկախ Հայաստանի կինոն, և մենք կկարողանանք մտորել և մեր եզրակացություններն անել` ի՞նչ ենք կարողացել ստեղծել այս ընթացքում»,- ասաց նախարարը:

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ նշեց, թե թվում է` մարդիկ պետք է հոգնեին փառատոնից, քանի որ այն արդեն 13 տարեկան է, սակայն տարեցտարի ավելանում է մարդկանց հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ, իսկ հովանավորները, ավանդույթի համաձայն, շարունակում են համագործակցել իրենց հետ: Ի դեպ, պետբյուջեից փառատոնին հատկացվում է 50 մլն դրամ գումար, որը, ըստ Խաչատրյանի, նույնն է մնացել 13 տարիների ընթացքում:

«Մենք հասկանում ենք, որ այս տարի կան ավելի կարևոր խնդիրներ` կապված սահմանին տիրող իրավիճակի հետ: Պատերազմն աչքներիս առաջ է, ֆինանսական խնդիրներ կան ամբողջ աշխարհում, սակայն մեզ աջակցեց ինչպես պետությունը, այնպես էլ մասնավոր սեկտորը»,- ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ աշխարհի լավագույն ֆիլմերը բերվել են Հայաստան, սակայն կարևոր է նաև, որ մենք կարողանանք մեր ֆիլմերը ցուցադրել դրսում, ուստի այս տարի կորոշվի, թե որոնք են անկախության շրջանում նկարահանված լավագույն ֆիլմերը, և դրանք կուղարկվեն տարբեր երկրներ` ցուցադրության:

Նա նշեց նաև, որ փառատոնը բացվելու է 1926-ին նկարահանված «Զարե» ֆիլմով, որը թվայնացրել են Մոսկվայում:

Ինչ վերաբերում է հարցին, թե այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի՞ հայտնի դերասանների, Խաչատրյանը պատասխանեց, որ նրանց Հայաստան բերելը շատ թանկ է նստում իրենց վրա: «Կարծում եմ` ավելի լավ է, որ մի քանի ֆիլմ և մեկ-երկու ռեժիսոր ավելի գան, ավելի ճիշտ կլինի, քան հայտնի դեմքերից որևէ մեկը: Սակայն փորձելու ենք ինչ-որ մեկին հրավիրել Հայաստան»,- ասաց նա:

Նշենք, որ 13-րդ «Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

«Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն աշխատանքները:

«Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի ցուցադրությամբ։

«Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին» նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշներ:

«Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, կբացվի Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» ֆիլմի ցուցադրությամբ։

«Դանիական նոր կինո» ծրագիրը կմեկնարկի Թոմաս Վինթերբերգի «Համայնք» ֆիլմով, իսկ «Բասկական նոր կինո» ծրագիրը կմեկնարկի Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» ֆիլմով։

Կինոփառատոնի շրջանակում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: