կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 14:44
Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի բացման և փակման ֆիլմերը

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի բացման և փակման ֆիլմերը

Արդեն հայտնի է` որ ֆիլմով կազդարարվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը: Այսօր փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ արդեն ավանդույթ է դառնում, որ փառատոնը մեկնարկում է հայկական ֆիլմով:

Հարությունյանը նշեց, որ փառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմով: «Այս տարի լրանում է ֆիլմի 90-ամյակը, և մենք էլ որոշեցինք, որ հենց այս ֆիլմով պետք է փառատոնի մեկնարկը տրվի: Ֆիլմը համր է, սակայն այն կուղեկցվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի` հատուկ այս ֆիլմի համար գրված կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Ֆիլմը պատմում է Պարսկաստանում խասփուշների` աղքատ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին: Այն հայկական առաջին պատմահեղափոխական ֆիլմն է»,- ասաց նա:

Փառատոնի փակումը, ըստ Հարությունյանի, նույնպես հատկանշական ֆիլմով է լինելու` Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն»` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմով: Այս ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է նկարահանվել «Խոստումը» ֆիլմը, սակայն «Խոստումը» միջոց է` Ցեղասպանության հարցն արծարծելու:

Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը: