կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-23 12:29
Իրավական

Դատավորը դատարանի դահլիճից հեռացրեց Վահան Շիրխանյանին և բարկացած հեռացավ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվեց 2015 թ. նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով հերթական դատական նիստը: Մինչ նիստի մեկնարկը դատավորը նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ` նշելով, որ արդեն երկրորդ դատական նիստն է, նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ և ոտքի չի կանգնում: Նա նախազգուշացրեց ` կրկնվելու դեպքում դատական նիստերի դահլիճից կհեռացնի Շիրխանյանին:

Ի պատասխան` Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ կանգնել, իսկ նրա նկատմամբ նշանակված փորձագիտական եզրակացության մեջ նշված է միայն, որ նա կարող է մասնակցել դատական նիստին, բայց որևէ նշում չկա` ի վիճակի՞ է կանգնել, թե՞ ոչ:

«Շիրխանյանը չի ուզում կանգնել, չի կանգնում»,- արձագանքեց դատավորը:

Նիստի ընթացքում այս գործով ամբաստանյալ Վահագն Շահնազարյանի պաշտպան Մնացական Ղազարյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով` մերժեց միջնորդությունը, ապա իր որոշման հրապարակման ընթացքում չկանգնելու համար, դարձյալ նախազգուշարեց Շիրխանյանին:

«Իսկ դատարանը հարգո՞ւմ է իմ իրավունքները»,- հարցրեց Շիրխանյանը:

Ի պատասխան դատավոր Բեկթաշյանն ասաց` այո: Ըստ նրա` դահլիճում կա երկրորդ կարգի հաշմանդամ, ով կանգնում է, իսկ Շիրխանյանը` ոչ:

«Չի հասկանում»,- արձագանքեց Շիրխանյանը, ինչից հետո վիճաբանություն սկսվեց դատավորի ու Շիրխանյանի միջև, և դատավորը որոշում կայացրեց 3 ժամով նիստերի դահլիճից հեռացնել պաշտպանության նախկին փոխնախարարին:

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: