Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, նա կարող է մասնակցել դատավարությանը: Նման գրություն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետը՝ հայտնելով, որ Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից՝ պատճառաբանելով, որ միայն պատգարակով կարող են իրեն տեղափոխել:
Հիշեցնենք, որ Շիրխանյանը 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված 20 ամբաստանյալներից մեկն է: Նա համարվում է անկախ Հայաստանի պատմության` երբևէ անազատության մեջ հայտնված ամենաբարձրաստիճան նախկին պաշտոնյան: Դատարան ուղարկված բժշկական տեղեկանքի համաձայն՝ Շիրխանյանը հայտնել է, որ միայն պատգարակով և պառկած վիճակով կարող է դուրս գալ խցից, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես` ոտքերն ու սիրտն են ցավում, գլխացավ ունի և այլն:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի հայտարարությունը ճիշտ է, և որ նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը: Նա հայտնեց, որ ներկայացված բժշկական տեղեկանքը կեղծ է, քանի որ տեղեկանքը տրամադրած բժիշկ Սաֆարյանն ինքն է Շիրխանյանին նշանակել անկողնային ռեժիմ, և որ անկողնային հիվանդը չի կարող ինքնուրույն ներկայանալ դատարան:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ առանց ամբաստանյալի ներկայության չեն կարող նիստը շարունակել, և որ իրենց համար հիմք է ՔԿՀ-ից ուղարկված գրությունը: Նա առաջարկեց պաշտպանին` համապատասխան փաստարկներ ներկայացնել Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ, և նշեց, որ չի կարող հասկանալ, թե ինչպես պետք է անկողնային հիվանդը 4 կամ 5 ժամ պառկի դատարանում:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ իր հերթին ասաց, որ Վահան Շիրխանյանին կարող էին պատգարակով տեղափոխել դատարան, նրան կարող էին տեղափոխել շտապօգնության մեքենայով, նման նախադեպեր եղել են:
Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ միջնորդեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակել և մեկ հարց առաջադրել՝ արդյո՞ք Վահան Շիրխանյանը կարող է մասնակցել դատական նիստին, թե՞ ոչ:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն, նշեց, որ միջնորդությունը չի կարող քննարկվել:
Պաշտպաններից մեկն էլ առաջարկեց Շիրխանյանի մասով գործի վարույթն անջատել, որպեսզի այս գործով նիստերը չձախողվեն:
Դատական նիստի դահլիճից հեռանալով՝ խմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանը հայտարարեց, թե դատական պրոցեսը շոու է, ամբաստանյալներից մեկն էլ սպառնաց, որ հաջորդ նիստին չի ներկայանալու դատարան:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: