Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, չպետք է տեղի ունենար, սա տխուր պրակտիկա է. խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով երեկվա նիստում դատական օրենսգրքի` սկանդալով ընդունմանը:
«Սեպտեմբեր ամսից մինչև հիմա մենք 25 տոկոս պակաս ենք աշխատել, այսինքն` քառօրյայի փոխարեն եռօրյա ենք աշխատել, մենք դարձել ենք խորհրդարանական երկիր, բայց ավելի քիչ ենք աշխատում: Միգուցե ապրիլից հետո երկօրյա աշխատանքի՞ անցնենք»,- հեգնեց պատգամավորը:
Նա նշեց, որ փոխանակ ԱԺ-ի բեռնվածությունը մեծանա, չորս օրվա փոխարեն աշխատում են երեք օր, որովհետև ԱԺ օրակարգը ձևավորում է կառավարությունը: Մելքումյանը նշեց, որ սխալ է կառավարության այն մոտեցումը, որ 5-6 հարյուր էջանոց օրենքների նախագծերը կառավարությունը վերջին օրերին է բերում քննարկման, և պրակտիկորեն անհնար է, որ պատգամավորները հասցնեն ծանոթանալ այդ նախագծերին, և օրենքները մեծ մասամբ ընդունվում են առանց պատշաճ ծանոթանալու:
«Եկեք կառավարությունից պահանջենք, որ նորմալ ողջամիտ ժամկետներում բերվեն օրինագծերը: Եթե չի կարողանում բերել ժամանակին, մենք խորհրդարանական երկիր ենք, պետք է ստիպենք, որ բերի»,- ասաց Մելքումյանը:
Նա ընդգծեց, որ հունվարից լինելու է գնաճ, բենզինը, սոլյարայուղը, սեղմված գազը թանկանում են, իսկ հիմա էլ հանրային սննդի օբյեկտների վրա հարկային բեռը ծանրացրեցին: «Խնդրեմ` վայելենք գնաճի բերկրանքը: «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու այս օրինագծերի քվեարկությանը»,- եզրափակեց նա:
Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ երեկ ԱԺ-ն ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց, խախտելով օրենքներն ու Սահմանադրությունը՝ ընդուեցին անօրինական որոշումներ: «Երեկ ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարության մտքի տիտանները, կախված պահի նպատակահարմարությունից, որոշում էին` օրենքը սահմանադրական է, թե` ոչ։ Եթե ձայները բավարարեր, կպարզվեր, որ սահմանադրական է, եթե` ոչ, պարզվեց, որ` ոչ։ «Ծառուկյան» դաշինքն այս զոռբայությունն ու անօրինական կերպով քվեարկություն կազմակերպելն ու երկրի մայր օրենքը պոլի շոր սարքելն անընդունելի է համարում և, ի նշան անհամաձայնության, լքում է նիստերի դահլիճը»,- հայտարարեց նա, ինչից հետո «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները հեռացան դահլիճից: