|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2015 թ. նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց: Պատճառը գործով ամբաստանյալ Արման Հայրապետյանի պաշտպանի չներկայանալն էր:
Հետաքրքրական է, որ, օրինակ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը պաշտպանների բացակայությունը խոչընդոտ չի համարում դատական նիստերն անցկացնելու համար, ինչը քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: Ավելին` նա ասում է, որ չներկայացած պաշտպանների համար հաջորդ դատական նիստին կարող է նույնը կրկնել, ինչը ևս չի տեղավորվում քրեական դատավարության շրջանակներում: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է:
Մինչ նիստի հետաձգվելն այս գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկություն հայտնեց նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի գործողությունների դեմ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատավորը սանկցիա էր կիրառել Շիրխանյանի նկատմամբ և երեք ժամով հեռացրել նրան դատական նիստերի դահլիճից: Ըստ դատավորի՝ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ և ոտքի չի կանգնում, մինչդեռ, ըստ Շիրխանյանի և նրա պաշտպանի, նա ի վիճակի չէ կանգնել:
Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել դատավորին, քանի որ նա նախորդ դատական նիստում` միջանցքում, «դարանակալել էր» իր պաշտպանյալին և նրա հետ «դու»-ով հաշիվ պարզել: «Երբ անցած դատական նիստումն պարոն Շիրխանյանը փորձել է Ձեզ ասել, որ Դուք չեք հասկանում, թե ինչ ցավեր ունի ինքը, Դուք համարել եք, որ նա Ձեզ վիրավորեց և, դուրս գալով դատական նիստերի դահլիճից, դարանակալել եք պարոն Շիրխանյանին այստեղ՝ միջանցքում, դատական նիստերի դահլիճի դռնից այն կողմ։ Երբ պարոն Շիրխանյանը, աթոռի վրա նստած վիճակում, հանվել է նիստերի դահլիճից, Դուք բազմաթիվ ոստիկանների և կարգադրիչների ներկայությամբ չափազանց անհարգալից և վիրավորական արտահայտություններով, «դու»-ով, փորձել եք հաշիվ պահանջել այն բանի համար, որ պարոն Շիրխանյանն իբր հանդգնել է Ձեզ չհասկացող անվանել։ Այսքանին ես ականատես եմ եղել անձամբ։ Տեսնելով, որ տեղի ունեցածը երևում է դահլիճից՝ կարգադրիչները փակել են դուռը, որից հետո արդեն, պարոն Շիրխանյանի պատմելով, Դուք նրան ասել եք հետևյալը՝ «դու ով ես, որ ասես` չի հասկանում» (սա մի արտահայտություն), «ձեր շինած երկիրն ա, ի՞նչ ես ուզում» (սա երկրորդ արտահայտությունը), «ես քեզանից շատ բան եմ արել այս երկրի համար» (սա երրորդ արտահայտությունը), «դերասա'ն, դու ոչ մի հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատերիդ վրա ես սաղին ֆռռացնում» (սա չորրորդ արտահայտությունը)»,- հայտարարեց փաստաբանը:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատավորի վարքագծի առնչությամբ դիմելու է նաև Արդարադատության խորհրդին:
Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: