Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դպրոցներն ապաքաղաքականացնելու համար առաջիկայում հստակ քայլեր կարվեն: ԿԳ նախարարությունն արդեն կառավարությանն է ներկայացրել օրենսդրական բարեփոխումների ծրագիր, բացի այդ` միջազգային փորձը տեղայնացնելու համար աշխատանքներ են իրականացվում: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը երկու ուղղությամբ է քայլեր իրականացնում` փոփոխություններ կանոնադրության մեջ, որոնք արդեն կառավարության քննարկմանն են ուղարկել, և դպրոցների խորհուրդների, տնօրենների գործունեության, դպրոցների ապաքաղաքականացման ուղղությամբ արդեն որոշակի պատվեր ունեն:
«Ասիական բանկի միջնորդությամբ երկու մասնագետ պետք է գա Հայաստան, և մինչև օգոստոս ամբողջական ծրագիր կներկայացնենք, որպեսզի սեպտեմբերից կարողանանք շրջանառության մեջ դնել այն: Մենք մի քանի տարբերակներ ունենք, դրա համար էլ խորհրդատու խնդրեցինք: Օրինակ` գերմանական փորձը` երբ ինչ-որ համակարգում ընտրվում են դպրոցի տնօրենի 3 թեկնածուներ, և նրանց թեկնածությունն ուղարկվում է դպրոց` տեղում քվեարկության: Սա վստահություն վայելող, որակը ստուգող համակարգ է: Բացի այդ` ունենք տարբերակներ, որոնք էլ միջազգային ՀԿ-ներն են առաջարկում»,- ասաց ԿԳ նախարարը:
Նա նշեց նաև, որ ներկայիս համակարգը նույնպես միջազգային փորձից ելնելով է ներդրվել, բայց, ըստ էության, դպրոցական խորհուրդները, կարծես, լիարժեք չեն կարողանում աշխատել:
Հարցին, թե ստացվում է այնպես, որ տնօրենների ընտրության ձևաչափը լիովին կփոխվի՞, Մկրտչյանը պատասխանեց` այո, սակայն մեկ պարտադիր ձևաչափ բոլորի համար չեն կարող ընդունել: «Տեսեք` բոլորովին մի բան է 500-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցը, մեկ այլ բան` փոքր գյուղական դպրոցը: Այդուհանդերձ, ինչ-որ օրինակելի սկզբունքներ և դրույթներ կփորձենք կյանքի կոչել»,- ասաց նա:
Ըստ ԿԳ նախարարի` այս փոփոխություններին գումարենք դպրոցների ֆինանսավորման կարգը, որն արդեն պետք է մշակեն, որպեսզի հասցնեն սեպտեմբերին արդեն իսկ կիրառել: Բացի այդ` դպրոցների ինքնակառավարման բյուջետավորման ձևաչափն էլ եթե սահմանվի, դպրոցներում իրավիճակը բավականին կփոխի ու կկարգավորի: «Ուզում ենք նաև ուսուցչի համար նվազագույն բազային աշխատավարձ ֆիքսել: Թող նվազագույն աշխատավարձ ստանան, որի վրա էլ կավելանան աշակերտ թվի ֆինանսավորման ծավալները»,- ասաց Մկրտչյանը: