կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-14 14:57
Հասարակություն

Ձայնագրությունների վերաբերյալ բացատրություններ ունենք. ԿԳՆ-ն դպրոցի տնօրենների հարցն ուսումնասիրում է

Ձայնագրությունների վերաբերյալ բացատրություններ ունենք. ԿԳՆ-ն դպրոցի տնօրենների հարցն ուսումնասիրում է

Եթե աշխատանքային ժամից դուրս է տեղի ունեցել, օրենքի սահմաններում է, եթե աշխատանքի ժամին է եղել և իրենց լծակներն էլ կիրառել են, օրենքի խախտում է. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն` անդրադառնալով դպրոցի տնօրենների` ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու` աղմուկ հանած դեպքին:

Նախարարը նշեց, որ դեպքի առնչությամբ հիմա քննություն է ընթանում, բացի այդ` «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ի կողմից ձայնագրությունների հրապարակումից հետո ստեղծեց հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է խնդիրը` պարզելու` աշխատանքի ժամի՞ն են քաղաքական աշխատանքներ իրականացրել, թե՞ դրանից դուրս:

«Մենք, բացի շրջաբերականից, որ ուղարկեցինք դպրոցներին, հիմա էլ շարունակում ենք գործընթացը` հասկանալու` ինչպե՞ս է տեղի ունեցել ամենը: Մենք արդեն գնահատական տվել ենք, որ դա ուղղակի անթույլատրելի է: Նշեմ նաև, որ ձայնագրությունների վերաբերյալ ունենք բացատրություններ: Ինչ վերաբերում է 30 տնօրեններին, ովքեր դիմել են դատարան` ՀԿ-ի դեմ բողոքով, ապա կանխավ որևէ գնահատական տալը  ճիշտ չէ: Սպասենք քննության ավարտին»,- ասաց նախարարը` հավելելով, թե տնօրենները համարում են, որ իրենք կուսակցության անդամ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնելու որոշակի գործառույթներ: «Դատական համակարգն իր կարգերն ունի, բայց մենք մեր մասով պետք է ճշտենք՝ կրթական լծակներն օգտագործվե՞լ են, թե՞ ոչ»,- հավելեց Մկրտչյանը: