կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 13:33
Քաղաքական

Զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին. Կիրո Մանոյան

Զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին. Կիրո Մանոյան

Տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները միայն Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական իրադարձություններով չէ, որ պայմանավորված են. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Ծոցի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ևս կարևոր են, որոնք անտեսել պետք չէ:

Անդրադառնալով որոշ երկրների՝ Քաթարի հետ հարաբերությունները խզելուն՝ նա կարծիք հայտնեց, որ Քաթարի հետ հարաբերությունները սերտացնելու առումով Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է:

Խոսելով Թեհրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին՝ Մանոյանն ասաց. «Դրանք ցույց են տալիս, որ այդ երկրում կարելի է նորմալ ընտրություններ անցկացնել, սա ցույց է տալիս, որ, առանց ներքին լարվածությունների, հնարավոր է շարունակել բնական կյանքը: Սա ողջունելի է մեզ համար, և կարող ենք սերտացնել հարաբերությունները Իրանի հետ»:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նա ասաց, որ Սիրիայի շուրջ զարգացումները գտնվում են արաբական երկրների միջև լարվածության խորացման հիմքում: «Եկել է պահը, որ արաբական երկրները վերջնական որոշեն, թե ինչ են անելու Սիրիայի հարցում»,- ասաց Մանոյանը և նշեց, որ Սիրիայում տիրող իրավիճակը ներքին խնդիրներից դուրս է եկել և տարածաշրջանային, ինչու չէ` նաև գլոբալ նշանակություն ունի, քանի որ որոշ գերտերություններ իրենց մասնակցությունն ունեն այդ հարցում: «Այնպես էլ չէ, որ Սիրիայի տագնապի վերջը երևում է»,- նշեց նա:

Մանոյանի խոսքով՝ Թուրքիայի շահերից չի բխի, որ մեծամասշտաբ գործողություններ սկսվեն  Հայաստան- Արցախ-Ադրբեջան կամ Ադրբեջան-Արցախ ճակատում, քանի որ դա անվերահսկելի կդառնա, կներքաշվեն այլ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը: «Կարող է Թուրքիան որոշ քայլերում աջակցի, որ Ադրբեջանի ղեկավարը որոշ առումով իրեն լավ զգա, բայց չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմը կբխի Թուրքիայի շահից»,- ասաց նա:

Անդրադառնալով Նախիջևանի սահմանին ընթացող զորավարժություններին՝ Մանոյանն ասաց, որ այդ զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին, որպեսզի ցույց տան, որ Նախիջևանը ևս կարող են թիրախ դարձնել: «Անհրաժեշտ է, որ մենք ունենանք ավելի հիմնավորված կեցվածք: Անհրաժեշտ է, որ մենք բարձրաձայն քաղաքանություն ունենանք, որպեսզի մտահոգությունները բարձրաձայնվեն, և ծավալվող իրադարձությունների ստվերի տակ չմնա Նախիջևանի հարցը»,- ասաց նա: