Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ընդարձակ հոդված էր տպագրել, որում հանգամանքորեն ներկայացնում է իր վերապահումներն ու քննադատությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունված հռչակագրի մի քանի կետերի կապակցությամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համաձայն չէ այդ վերապահումների ու դիտարկումների հետ: Մասնավորապես` Լևոն Տեր-Պետրոսյանը հարցականի տակ է դնում, թե զուտ կազմակերպական բնույթ ունեցող ներկայացուցչական հանձնաժողովն ինչպե՞ս կարող է ներկայացնել ամբողջ հայ ժողովրդի միասնական կամքը: Yerkir.am-ի հետ զրույցում Կիրո Մանոյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անտեսում է հռչակագրի այն մասը, որում ասվում է, որ հանձնաժողովն աշխատում է և համախորհուրդ է Սփյուռքում աշխատող կառույցների հետ:
«Իսկապես, այդպես էլ եղել է: Հռչակագրի նախագիծը ներկայացվել է անցյալ տարի մայիսի 27-ին, մասնակցում էին նաև Սփյուռքի համայնքներից ներկայացուցիչներ, և բոլորին հնարավորություն է տրվել առաջիկա շաբաթների ընթացքում տեսակետներ փոխանցելու: Ուրիշ ավելի ներկայացուցչական որևէ մարմին չէր կարող լինել, ահա` ինչու անհիմն ու անիմաստ է հարցականի տակ դնել, թե ինչ իրավունքով է հայ ժողովրդի անունից հռչակագիր կնքվել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնավորում է, թե հայ ժողովրդի միասնական կամքը կարող է հայտնել միայն համահայկական հանրաքվեն, որը հասկանալի պատճառով չի կարող տեղի ունենալ:
«Դա նշանակում է, որ համահայկական կարծիք չի կարող լինել, հայ ժողովրդի անունից ոչ ոք երբեք չի կարող խոսել: Սակայն դա իսկապես հայությունը ներկայացնող մարմին է եղել ու շարունակում է մնալ: Դա միայն Հայաստանի ու Արցախի նախագահների տեսակետը չէ, որ նրանց ստորագրությամբ ընդունվեր հռչակագիրը: Դա իրականում արտահայտում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն իրական մտայնությունը, որ «համայն հայ ժողովուրդ» հասկացություն չկա: Նա և' նախագահ եղած ժամանակ, և' դրանից հետո, փաստորեն` նաև այսօր, փորձում է տարանջատել ու հատվածներ տեսնել հայ ժողովրդի մեջ: Նրա ժամանակ Հայաստանը Սփյուռք էր, հիմա էլ ասում է` միայն նախագահներն ու կաթողիկոսները թող ստորագրեն, բայց դա չէ այդ հանձնաժողովը»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը` հավելելով, որ գործընթացը, որը նախորդել է հռչակագրի ընդունմանը, անցել է համահայկական քննարկմամբ, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք չի էլ եղել:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նշել է, որ նվաստացուցիչ է Հայոց ցեղասպանության ճանաչման համար շնորհակալություն հայտնել այլ պետությունների:
Այդ կապակցությամբ Կիրո Մանոյանը նշեց. «Եթե այդպիսի տեսակետ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը, պետք է որ վաղուց այդ մասին արտահայտած լիներ, բայց հիմա է նպատակահարմար գտել բարձրաձայնել: Իրականում հռչակագրում նոր բան չի ասվել, միակ նորությունը համահայկական լինելն է: Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ հնարավորություն ունեցել է այդ թեմայի շուրջ բարձրաձայնելու իր մտահոգությունները»:
Լևոն Տեր-Պետրոսյանի վերապահումներևից մեկն էլ այն է, որ պետք չէ Թուրքիայի կոչ անել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա Թուրքիայի գործն է, և դրան հնարավոր է հասնել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով միայն:
Կիրո Մանոյանը նշեց. «Չգիտեմ` զուգադիպություն է, թե` ոչ, բայց հետաքրքրական է, որ Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախագահի նման ասում է, որ «մեզ պատասխանեցին կոչերով ու հայտարարություններով, և մեր ձեռքը օդում մնաց»: Տեր-Պետրոսյանը ճիշտ նույն բանն է ասում, այսինքն` Թուրքիայի տեսակետն է կիսում` մեջբերելով 2007թ. իր մի հոդվածը, որի տակ, կարծում եմ, Էրդողանն ու Դավութօղլուն շատ սիրով կստորագրեին, որտեղ ասվում է, որ ժամանակն է հասկանալու, որ, վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսինքն` նա պնդում է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է կամակատարի դերակատարություն ստանձնի: Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նաև ասում է, որ Թուրքիայի հասարակության մի հատվածի նկատմամբ կարիք չկար զորավիգ կանգնելու, դա ավելի վատ կլինի, որովհետև պատրվակ կհանդիսանա, որ նրանց վրա Թուրքիայի իշխանությունները ճնշումներ բանեցնեն: Այսինքն` մենք ո'չ մտածելու իրավունք ունենք, ո'չ շնչելու, միայն Թուրքիան իրավունք ունի, միայն նրա՞նք կարող են որոշել, թե մենք ինչ պետք է անենք: Եվ վերջում էլ խոսել արժանապատվության մասին, իսկապես դեմագոգիա է»:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե «պատմական իրավունք» եզրույթը հռչակագրում փոխարինվել է «պատմական արդարություն»` նույնքան առաձգական եզրույթով:
«Նա անտեսում է կամ մոռացել է` չգիտեմ, որ այդ եզրույթները վերցված են 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված` Անկախության մասին հռչակագրից, որի տակ ստորագրել է այն ժամանակվա Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները, որովհետև խախտել է Անկախության մասին հռչակագիրը, որովհետև այդտեղ պահանջատիրության այլ տարր չկա, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աջակցելու դրույթից: Ըստ Կիրո Մանոյանի` Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել` ցույց տալու համար, որ շատ վատ հռչակագիր է, մինչդեռ իրականում վերջին 100 տարվա մեջ առաջին անգամ է, որ այդքան համազգային համախոհություն կա մի փաստաթղթի շուրջ, որի առիթը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: «Նա ասում է, որ եթե այդ փաստաթուղթը վտանգավոր էլ չէ, ապա անպտուղ փաստաթուղթ է: Ես կասեի, որ եթե իսկապես անպտուղ փաստաթուղթ է, ապա ափսոս է, որ ինքն այդքան երկար հոդված է գրել անպտուղ մի փաստաթղթի վերաբերյալ: Այն, որ ասում է, թե այդ փաստաթուղթը կարող է ավելի վատ անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, բայց այդ հարաբերությունները չկան, որ ավելի վատ լինի»,- նշեց Կիրո Մանոյանը: