Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանին 99.9 տոկոսով ոչինչ չի կարող ստիպել առոչինչ չհայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ այլևս ոչ մեկ չի կարող Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չփորձեց կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա նշեց, որ նախագահը արձանագրությունները առոչինչ է համարելու գարնանը, երբ ավարտվում են նախագահի իր լիազորությունները: Եվ դա պատահական չէ: Կիրո Մանոյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն է թողնում միջնորդներին՝ անելիքներն անել, որ չասեն, թե ժամանակ չկար կարգավորելու իրավիճակը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ տարի, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, ասաց, որ 2018թ.-ի գարուն մենք մուտք կգործենք առանց այս արձանագրությունների: Ձեր կարծիքով՝ այս հայտարարությունը մնո՞ւմ է ուժի մեջ, մենք առոչի՞նչ ենք հայտարարելու այս արձանագրությունները հաշված ամիսներ անց:
- Շատ անհամբեր եմ, թե երբ է գալու գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, և, վերջապես, ձերբազատված լինենք այս արձանագրություններից: Այդ արձանագրությունները իրականում կյանքի չկոչվեցին, բայց իրավականորեն դրանք կան, գոյություն ունեն և իրենց վնասը կարող են հասցնել: Դրա համար պետք է դրանցից ձերբազատվել: Ինչպես նախագահն ասաց, Թուրքիան ցույց տվեց, որ և՛ բանակցությունների ընթացքում, և՛ դրանց ստորագրումից հետո իրենք անկեղծ չէին, տրամադրված չէին Հայաստանի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները: Չեմ կարծում, որ առաջիկա 7-8 շաբաթների ընթացքում ինչ-որ բան կփոխվի և Հայաստանի նախագահը Թուրքիայի քայլերից բավարարված կզգա ու հետ կկանգնի իր հայտարարությունից: Նախագահը շատ հստակ ասաց իր ասելիքը, բայց եթե հիշում եք, դրանից առաջ էլ «գրողի ծոցն էր» ուղարկել այդ արձանագրությունները:
Հարցը միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելը չի եղել, թեև գլխավոր նպատակը դա էր, հարցը նաև այս գործընթացում ներգրավված միջնորդներին՝ Արևմուտքին, Հայաստանը, որպես վստահելի գործընկեր ներկայացնելն էր: Նախագահը հիմա էլ ձգում է, որպեսզի վստահելի գործընկերոջ կերպարը պահպանվի: Բայց ժամանակն անցել է: Արևմուտքն էլ այսօր չի ասում այն, ինչ ասում էր ստորագրման տարիներին: ԵՄ-ն, ԱՄՆ-ն կրկնում էին այն, ինչ Թուրքիան էր ասում, ասում էին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն, երբ լուծվի ղարաբաղյան հիմնահարցը: Այդ դեպքում` սպասեիք, թող կարգավորվեր Ղարաբաղի հարցը, ինչո՞ւ ստորագրվեցին արձանագրությունները:
- Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այս վերջնաժամկետին Թուրքիայի իշխանությունները բավական ուշ արձագանքեցին: Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը:
- Նրանք մի քիչ «շվարած» էին, չգիտեին՝ ինչ պատասխանել: Բայց երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կրկնեց նախագահի հայտարարությունը, իրենք ճնշում զգացին: Անկարան մտածում էր, որ Ս. Սարգսյանի հայտարարությունն անտեսելով` հարցը կմոռացվի, բայց այդպես չեղավ: Թուրքիան փորձում է մեղադրել Հայաստանին այս արձանագրությունների տապալման մեջ, ասում են, որ Հայաստանը համաձայնությունը խախտեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը փոխեց արձանագրությունների էությունը և այլն: Այնինչ, դա այդպես չէ: Մենք գուցե այս արձանագրությունները առոչինչ հայտարարելուց հետո միջնորդների կողմից ճնշում զգանք, բայց իրենք էլ լավ հասկացել են, թե ով է իսկական պատասխանատուն, ով է մեղավոր, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան:
-Ոչինչ չի՞ կարող Հայաստանին հետ պահել այս արձանագրություններն առոչինչ հայտարարելուց: Եթե միջնորդները, օրինակ` համոզեն, կամ Թուրքիան մի խոստումնալից հայտարարություն անի, դա չի՞ կարող դառնալ պատճառ, որ ՀՀ իշխանությունները մտափոխվեն:
- 99,9 տոկոսով չկա: Թուրքիան այնքան է կրկնել այն, որ մինչև Ղարաբաղի հարցում իր ու Ադրբեջանի պատկերացրած դրական տեղաշարժը չլինի, քայլ չի ձեռնարկի արձանագրությունների ուղղությամբ, որ դժվար թե այս 7-8 շաբաթների ընթացքում նման բան անի: Բացի դրանից` 2008-2009թթ., երբ սկսվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, Թուրքիայի համար ինչ-որ առումով Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր էին, հիմա դրանք օրակարգային չեն Թուրքիայի համար: Թուրքիան չի պատկերացնում, թե ինչպիսի հարաբերություններ կարող է ունենալ անկախ Հայաստանի հետ, թուրքական պետական մտածողության մեջ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է հարաբերվել Հայաստանի հետ: Չեմ կարծում, որ մի բան փոխվի, Թուրքիան կողմնորոշվի, թե ինչ հարաբերություններ կարելի է հաստատել Հայաստանի հետ:
- Ասացիք, որ Թուրքիայի ներկայիս օրակարգում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարց չկա: Իսկ մեզ համա՞ր: Մենք ունենք փակ սահմաններ, խնդիրներ արտահանման հետ կապված և մի շարք խնդիրների լուծումը կապվում էր հայ-թուրքական արձանագրությունների հետ: Արդյոք այդ խնդիրների լուծման հույսը վերջնականապես չի՞ վերանում:
- Արձանագրությունների չվավերացված լինելն ավելի վնասակար է, քան դրանց բացակայությունը: Թուրքիան այդ փաստաթուղթն օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում, Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցում և այլն:
Ինչ վերաբերում է մեր կարիքներին, ամերիկացի դիվանագետներն այն ժամանակ համոզում էին, որ եթե սահմանները բացվեն, լավ կլինի, մեծ շուկա կբացվի մեր առաջ, բայց մենք տնտեսական վերլուծություն իրականացրեցինք ու պարզ դարձավ, որ Թուրքիան չի դառնա մեզ համար 75 միլիոնանոց շուկա, մինչև մենք մեր արտադրանքի մակարդակը չբարձրացնենք: Եթե իսկապես սահմանը մի օր բացվի, պատրաստ պետք է լինենք մեր արտադրանքի մակարդակը բարձրացնել այն որակին, որը ընդունել են Թուրքիայում` որպես չափանիշ:
Թուրքիայի հետ սահմանը բացելը Հայաստանի համար կարևոր է հետևյալ տեսանկյունից. ՀՀ առաջին նախագահը, ով այդ թվում մեր կողմից, մեղադրվում էր թուրքասեր լինելու մեջ, ինքն էր, որ ասաց, որ սպառնալիք կա Թուրքիայի կողմից և դրա համար բանակցեց ռուսական ռազմաբազաները Հայաստանում ներկայացնելու շուրջ: Հայաստանում Թուրքիան տեսնում են որպես ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք: Եթե Թուրքիան ուզում է, որ մենք փոխենք մեր զգացումը, պետք է նորմալ հարաբերություններ ունենանք: Դա չի նշանակում սերտ հարաբերություններ: Դիվանագիտական նորմալ հարաբերություններ են պետք, սահմանը փակ պահելը թշնամական վերաբերմունք է: Ուստի Թուրքիան պետք է փոխի իր կեցվածքը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի:
Բայց սա չի նշանակում, որ Հայաստան և Թուրքիա հարաբերությունները պետք է այսպիսին մնան, ոչ, դրանք պետք է նորմալանան:
Ըստ իս՝ նախագահի մտքում կար Արևմուտքի հետ հարաբերություններ կարգավորելու հեռանկարը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետևում իրականում եղել է ԱՄՆ-ն, նրանք էին ուզում, որ կողմերի միջև հարաբերությունները հաստատվեն և մինչև հիմա, որ ինքը ձգում է, առոչինչ չի համարում դրանք հենց այսօր, հենց այս նպատակն ունեն՝ Արևմուտքի հետ չվատացնել հարաբերությունները:
Այլևս ոչ մեկ չի կարող Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չփորձեց կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բազում փորձեր եղան, Ռոբերտ Քոչարյանը ևս բազում տարբերակներ փորձեց, Սերժ Սարգսյանն էլ տեսնում եք՝ փորձում է: Ինչ ասել են՝ փորձել ենք, այլևս ոչ մեկ մեզ չի կարող մեղադրել, որ չենք փորձել:
Մանրամասն Tert.am-ի տեսանյութում: