Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԿԳՆ-ն և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» համագործակցության հուշագիր ստորագրեցին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ստորագրեցին հուշագիր մի հիմնադրամի հետ, որը մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշեն այն շատ կարևոր և նվիրված աշխատանքը, որ 10-ից ավելի տարիներ իրականացնում են մեր հայրենակիցները ՀՀ-ում:
«Հիմնադրամը բոլոր խոշոր ծրագրերում իր յուրահատուկ ձեռագիրն ունի ու իր շնորհակալ աշխատանքը: «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեր երեխաների կյանքի բոլոր ոլորտներում է` մանկությունից մինչև գիտություն ուղեկցում է նրանց: Նրանք մեր կրթական մակարդակը տանում են միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մենք պետք է փորձենք մի քանի ուղղություններով օգտագործել հիմնադրամի փորձը: Օրինակ` կփորձենք օգտագործել նրանց ներուժը` որոշակի մասնագետներ հրավիրելով Հայաստան»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` մարզերում օտար լեզուների դասավանդման խնդիր ունենք, և հենց հիմնադրամի միջոցով էլ պետք է այս խնդիր լուծել: Մկրտչյանը նշեց նաև, որ, ըստ հուշագրի, նախատեսվում է տեխնոլոգիապես հագեցած դասասենյակների` սմարթ սենյակների ստեղծում, դպրոցական ճաշարանների վերանորոգում, արտադասարանային նախաձեռնությունների խրախուսում, այսինքն` արվեստներ և արհեստներ, սպորտ, անգլերենի ուսուցում…
«Հիմնադրամը Լոռու մարզի Դեբետ համայնքում Սմարթ կենտրոն է կառուցում, և հույս ունեմ` շուտով կենտրոնի բացումը կանենք: Հիմնադրամի աշխատանքը շատ մեծ է ոչ միայն կրթության, այլ նաև այլ ասպարեզներում, այն նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը»,- ասաց նախարարը:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ատենապետ Գարո Արմենն էլ նշեց, որ մեր պատմությունը դարերի խորքից է գալիս, և մեր ապրելակերպի ամենակարևոր ջիղն ուսումն ու կրթությունն է եղել: «Մենք մեծ նպատակներ ու իղձեր ունեինք, բայց անցյալ 100 տարվա ընթացքում դրանք ի կատար չածվեցին, քանի որ շատ դժբախտություններ տեսանք` պատերազմ, երկրաշարժ… Մեր նպատակն է գալիք 100 տարվա ընթացքում փոխել ամեն ինչ և կրթական մակարդակն այնքան բարձրացնել, որ աշխարհին էլ հայտ ներկայացնենք: Ուզում ենք մեր մանուկներին տալ այն կրթությունը, որը կա աշխարհի տարբեր անկյուններում»,- ասաց նա:
Արմավիրի մարզի Քարակերտի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիա Հեքիմյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնադրամիշնորհիվ իրենք այժմ ունեն տաք, լուսավոր ու հիմնանորոգված դասասենյակներ: «Իմ մայրիկն էլ այս դպրոցում է սովորել, և նա պատմում էր, որ տարիներ առաջ դպրոցը ջեռուցվում էր վառարանով, ինչը խնդիրներ էր առաջացնում: Ճիշտն ասած` վատ պայմաններն ազդում են ուսման վրա, քանի որ քո ուշք ու միտքն այլ բաների վրա է, օրինակ` ցուրտը խանգարում է: Բացի այդ` հիմնադրամի աջակցությամբ մեզ մոտ գալիս են անգլերեն լեզուն կրողներ և մեզ հետ դասեր անցկացնում, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ լսում ենք անգլերենի այն հնչողությունը, որը տարածված է անգլիախոս երկրներում»,- ասաց նա:
Աշակերտուհին նշեց նաև, որ իրենց ուսուցիչներն էլ ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են, ինչը նույնպես նպաստում է, որպեսզի նրանք տեղյակ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին: «Ես գոհ եմ դպրոցում ստացած իմ կրթությունից: Անգլերեն այնքան լավ են դասավանդում, որ արդեն որոշել եմ Ֆրանսիական համալսարան ընդունվել ու խորացնել գիտելիքներս: Չնայած այն փաստին, որ ծնողներս ուզում են` բժիշկ դառնամ, ես որոշել եմ լեզուների գծով շարունակել: Ընտրել եմ Ֆրանսիական համալսարանը, քանի որ մեզ մոտ կան այդ բուհն ավարտած շրջանավարտներ, ովքեր հետո լավ աշխատանքի են անցել»,- ասաց Լիլիան:
Ի դեպ, միջոցառման ավարտին պատվոգրեր հանձնեցին «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հետ 10 տարուց ավելի համագործակցող դպրոցների տնօրեններին: