կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-23 12:14
Հասարակություն

Չինարենի խորացված ուսուցում` հայկական դպրոցում

Չինարենի խորացված ուսուցում` հայկական դպրոցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:

Նախարարը նշել է, որ լայն թափով զարգանում են մեր երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտում կան համագործակցության զարգացման լուրջ հեռանկարներ:

Նախարարը տեղեկացրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել դպրոցների համակարգչային վերազինման ուղղությամբ և աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունն այսօր մոտ է եվրոպական երկրների միջինացված ցուցանիշին:

«ՉԺՀ աջակցությամբ ավագ դպրոցների համակարգչային վերազինումը էական ազդեցություն կարող է ունենալ կրթության որակի ապահովման գործընթացում»,- ասել է Աշոտյանը:

Կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում նախարարը և դեսպանը քննարկել են Կոնֆուցիոսի ինստիտուտի ևս մեկ մասնաճյուղ Երևանի պետական համալսարանում բացելու հնարավորությունը, ինչպես նաև Երևանի ավագ դպրոցներից մեկում չինարենի խորացված ուսուցում կազմակերպելու հարցը:

Դեսպանը տեղեկացրել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը եվրոպական տարբեր երկրներում իրականացնում է կրթական բազմաթիվ ծրագրեր և հնարավոր է նաև նման ծրագրերի ներդրումը Հայաստանում:

Նշենք, որ օգոստոսին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք ուսանողական համաշխարհային 26-րդ ունիվերսիադային Հայաստանը կմասնակցի պաշտոնական բարձր մակարդակով: Այս առումով Աշոտյանը հույս է հայտնել, որ Շենժենում հայ ուսանող-մարզիկները կունենան մեծ հաջողություններ, մասնավորապես` շախմատ և թաեքվանդո մարզաձևերում: