կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-12 14:24
Քաղաքական

«Մենք նման փորձություններ շատ ենք ունեցել». Տարոն Մարգարյանը պատրաստ է աշխատել Փոստանջյանի հետ

«Մենք նման փորձություններ շատ ենք ունեցել».  Տարոն Մարգարյանը պատրաստ է աշխատել Փոստանջյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր երդման արարողության և հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրերի համընկնելու մեջ խորհուրդ տեսավ: Քաղաքային պանթեոնում  լրագրողների հետ զրույցում նա ասաց.  «Ես առաջին հերթին հպարտ եմ և այդտեղ նշանակություն եմ տեսնում, ու կրկնակի, եռակի, քառակի  պարտավորություն է, որ հանուն մեր Երևանի,  հանուն մեր վաղվա օրվա աշխատենք, որ փոփոխությունները երևան»:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի անդամների այն հայտարարություններին, թե Երևանում տարիներ շարունակ մարդիկ ստիպված են հանդուրժել «հուսահատության գազելներն» ու «մահաբեր վերելակները», Մարգարյանն ասաց. «Եթե լավ հետևեիք իմ քարոզարշավի ընթացքին, կտեսնեիք իմ պատասխանները: Եթե մենք մի քանի տարի է` խոսում ենք այդ խնդիրների մասին և մշակել ենք շատ խնդիրների լուծումներ, մեր նախընտրական ծրագրում հստակ  նշված է, որ գերակա խնդիր է մեզ համար վերելակների և տրանսպորտի  հարցը: Ինձ թվում է՝ պետք է համբերենք,  իրար չխանգարելով` փորձենք լուծել: Եթե դուք խոսում եք վերջին չորս-հինգ ամսվա ընթացքում «Ելք»-ի մասին,  մենք խոսում  ենք երկու-երեք տարի  շարունակ, և գործնական քայլեր ենք կատարել, ոչ թե մենակ` խոսքերով: Նման բարեփոխումների համար ժամանակ է անհրաժեշտ»:

Մարգարյանը նաև նշեց, որ առաջիկայում թաղապետերի փոփոխություններ չեն նախատեսվում:

Խոսելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին և այդ համատեքստում պատասխանելով հարցին` չի՞ վախենում, որ այդ մեխանիզմները կարող են նաև իրեն վնասել, նա պատասխանեց. «Վերջին 12 տարվա ընթացքում իմ պաշտոնները  զբաղեցրել եմ ընտրություններով և ընտրությունների ընթացքում հաղթանակով, և այդ ընտրությունների ընթացքում միշտ այդ հարցը քննարկվել է, միշտ  իմ հայտարարագիրը քննարկման առարկա է դարձել, ուսումնասիրվել է նաև իրավապահ մարմինների կողմից»:

Խոսելով Երևանի բյուջեի հաշվին իրականացվող ծախսերի, հյուրասիրությունների մասին՝ Մարգարյանը հայտարարեց, որ դրանք երևանցիների՝ «պարզ ճակատով մնալու համար է»: «Եթե դուք ձեր տուն հյուր եք ընդունում, ինձ թվում է` հյուրասիրում եք, չէ՞: Բյուջեի հաշվին ենք անում, այո, բայց Երևանը մեծ տուն է, և այդ տան բյուջեն է դա: Ես երևանցիների կողմից այդ մեծ տան ղեկավար եմ ընտրված և փորձում եմ պատվով բոլորի երեսը պարզեցնել, պարզ ճակատով պահել մեր դրսի  հյուրերի մոտ»,- նշեց նա:

Անդրադառնալով «Երկի ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանի գործողություններին՝ Մարգարյանը վստահեցրեց, որ դրանք հաղթահարելի են: «Մենք նման փորձություններ շատ ենք ունեցել: Այն քաղաքական ուժերը, որոնք Երևանի ավագանիում կան, մենք պատրաստ ենք նրանց հետ քննարկել բոլոր առողջ առաջարկները: Մենք նրանց չենք համարում մրցակից, ընտրությունները ավարտվեցին, հիմա մենք  նայում ենք  այնպես, որ միասին կարողանանք մեր Երևան քաղաքը կառուցել»,- ասաց նա:

Ի դեպ, Մարգարյանը նաև անդրադարձավ Երևանի ավագանու «Ելք»-ի անդամ Անահիտ Բախշյանի այն պնդումներին, թե Երևանի բյուջեն արդյունավետ չի ծախսվում: Նա ասաց, որ այդ հայտարարությունները սիրողական մակարդակի են: «Գիտե՞ք, նման  հայտարություններ անողները եթե մասնագետներ չեն, ես այդքան էլ լուրջ չեմ նայում: Մասնագետներն ավելի ճիշտ կարող են արտահայտվել, քան թե սիրողականները»,- ասաց քաղաքապետը: