կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 16:47
Քաղաքական

Տարոն Մարգարյանը կրկին չի ներկայացել, եթե կարևոր չէ, ասեք` մենք էլ չներկայանանք, մենք էլ պակաս զբաղված չենք. Նիկոլ Փաշինյան

Տարոն Մարգարյանը կրկին չի ներկայացել, եթե կարևոր չէ, ասեք` մենք էլ չներկայանանք, մենք էլ պակաս զբաղված չենք. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում, երբ քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին: Նա նշեց, որ կատարողականը բոլորին հասու է, բոլորը կարող են ծանոթանալ, բայց կարևոր է, որ պատասխանատուները գան ու ներկայացնեն, թե, օրինակ, ծախսման արդյունքում ի՞նչ բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել, ինչպիսի՞ն էր Երևան քաղաքը բյուջեի ծախսումից առաջ ու դրանից հետո:

 

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում, կներեք, գուցե կոպիտ հնչի համեմատությունս, կոպտելու կամ վիրավորելու մտադրություն չունեմ, Հայաստանում վաշխառուական ինչ-որ ռանգերի են բաժանվում պաշտոնյաները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում այս նիստին, եթե պարոն քաղաքապետը և որոշ այլ պաշտոնյաներ համարում են, որ ոչ կարևոր իրադարձություն է, թող ասեն՝ մենք էլ չգանք, մենք էլ պակաս զբաղված չենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Կամո Արեյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետը շատ լավ գիտակցում է ԱԺ-ի դերը Երևանի ու օրենսդիր կյանքում և, երբեք չթերագնահատելով, միտում չունի չմասնակցելու ԱԺ քննարկումներին: Եվ որ քաղաքապետի բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված հանձնաժողովի անդամ է, այս պահին ընթանում է հանձնաժողովի նիստը, և քաղաքապետը մասնակցում է այդ նիստին, սա է պատճառը, որ ինքն է եկել` ներկայացնելու բյուջեի հաշվետվությունը: