կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 20:45
Առանց Կատեգորիա

Ինքնորոշումը միջազգային հաղթարշավ է սկսում. Ադրբեջանի նոր մղձավանջը

Ինքնորոշումը միջազգային հաղթարշավ է սկսում. Ադրբեջանի նոր մղձավանջը

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները կարող են մղձավանջային դառնալ Ադրբեջանի համար աշխարհում թափ հավաքող` ինքնորոշման, պետական նոր կազմավորումների ստեղծման գործընթացի պատճառով:

Այսօր Իսպանիայի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է, որ 2017թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե կանցկացվի՝ չնայած պաշտոնական Մադրիդի դեմ լինելուն և այդ գործընթացը հակասահմանադրական ճանաչելուն: Պուչդեմոնը նշել է, որ իրենք պատրաստ են եղել լսել հանրաքվեի անցկացման շուրջ Իսպանիայի կառավարության առաջարկությունները, սակայն մշտապես մերժում են ստացել: Մադրիդը խոստացել է գործադրել իր տրամադրության տակ առկա մեխանիզմները՝ այդ հանրաքվեն թույլ չտալու համար, սակայն դեռ չի հստակեցրել՝ որոնք են դրանք: Այսուհանդերձ, Մադրիդից հնչող հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում խնդիրը լուծել քաղաքական երկխոսության, բանակցությունների միջոցով: Անկախ դրանից՝ հանրաքվեի ժամկետների կոնկրետացման փաստը վկայում է, որ Կատալոնիան վճռական է տրամադրված մի քանի տարի շարունակ հետաձգվող հանրաքվեի անցկացման հարցում:

Մադրիդի համար դժվար կլինի խափանել այն՝ բախվելով ԵՄ-ում արդեն անցկացված ինքնորոշման գործընթացի հաջող նախադեպին: Խոսքը վերաբերում է 2014թ. Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեին, որին Մեծ Բրիտանիայի կենտրոնական իշխանությունները փաստացի չառարկեցին: Այդ հանրաքվեի արդյունքով, հիշեցնենք, Շոտլանդիայի բնակչության մոտ 55 տոկոսը դեմ քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն: Սակայն էականն այն էր, որ հանրաքվեի անցկացումը, որպես ինքնորոշման ակտ, միանգամայն լեգիտիմ կերպով կայացավ՝ բորբոքելով ներքին անջատողականությունն այնպիսի երկրներում, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, տվյալ դեպքում՝ Իսպանիայում:

Ի դեպ, Շոտլանդիան 2014թ. հանրաքվեի՝ իր համար հիասթափեցնող արդյունքներից հետո չի հրաժարվել անկախացման գաղափարից: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջենը դեռ այս տարվա մարտին էր դիմել բրիտանական կառավարությանը՝ Շոտլանդիայում անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնելու հայցով: Էդինբուրգում պլանավորում են նոր հանրաքվեն անցկացնել 2018թ. աշուն-2019թ. գարուն ժամանակահատվածում, այսինքն` նախքան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի վերջնական դուրս գալու գործընթացի ավարտը:

Շոտլանդացիների համար նոր հանրաքվե անցկացնելու հիմք է դարձել 2016թ. անցկացված «Բրեքզիթը»: Շոտլանդիան դեմ էր քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, և նոր հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը պատճառաբանում է այդ հարցում Լոնդոնի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությամբ: Ուշագրավը, սակայն, այն է, որ Լոնդոնը սկզբունքորեն դեմ չէ Շոտլանդիայում նոր հանրաքվեի անցկացմանը: Միակ առարկությունն այն է, որ դա տեղի ունենա ԵՄ-ից երկրի դուրս գալուց ոչ շուտ:

Եվ ահա Եվրոպայում ընթացող այս զարգացումների ֆոնին` երկու օր առաջ հայտնի դարձավ, որ անկախության հանրաքվե է որոշել անցկացնել նաև Իրաքի Քուրդիստանը: Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի օգնական Հեմին Նավրամին «Թվիթեր»-ում, ըստ  «Ազատություն» ռադիոկայանի, գրել է, թե Քուրդիստանի անկախության հանրաքվեն կանցկացվի 2017-ի սեպտեմբերի 25-ին: Հայտարարությունը հետևել է Բարզանիի՝ Քուրդիստանի քաղաքական ուժերի հետ հանդիպումներին: Հատկանշական է, որ այս դեպքում ևս կենտրոնական իշխանությունները, այսինքն` Բաղդադը, սկզբունքորեն չի առարկում նման հանրաքվեի անցկացմանը: Իրաքի վարչապետ Ալ Աբադին այս տարվա մարտին, անդրադառնալով քրդերի անկախացման հանրաքվեի հնարավորությանը, ընդամենը ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ դրա համար ամենահարմար պահը չի ընտրվել՝ նկատի ունենալով իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների առկայությունը Իրաքում և անվտանգության լրջագույն սպառնալիքները: Այսուհանդերձ, հանրաքվեի կոնկրետ օրվա մասին հայտարարությունը հիմքեր է տալիս կարծելու, որ Քուրդիստանը ևս վճռական է տրամադրված այս հարցում: Հետաքրքրական է, որ իրաքյան քրդերի հանրաքվեն նշանակվել է կատալոնական հանրաքվեից ուղիղ մեկ շաբաթ առաջ: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանին այդ շրջանում դժվարին օրեր են սպասվում:

Խնդիրն այն է, որ Կատալոնիայի, Քուրդիստանի, հետագայում նաև Շոտլանդիայի հնարավոր հանրաքվեները գալու են ապացուցելու, որ ինքնորոշման գործընթացը միջազգային պրակտիկայում դառնում է անշրջելի իրողություն: Եվ բնական հարց է առաջանալու՝ ինչո՞ւ է կատալոնացիների, քրդերի, շոտլանդացիների ինքնորոշման իրավունքը հարգվում, իսկ Արցախի հայության իրավունքը՝ ոչ, ինչի՞ց է, որ Մադրիդը, Բաղդադը, Լոնդոնն այդքան ընկալողունակ ու ականջալուր են ինքնորոշման ներքին ձգտումների և իրավական գործընթացների նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այս գործընթացը կարող է էականորեն ամրապնդել ԼՂ հարցում հայկական դիվանագիտության դիրքերը և նոր խթան հանդիսանալ ԼՂ անկախության ճանաչման գաղափարն ավելի առարկայացնելու համար: Այդ գործընթացների համատեքստում միջազգային հանրությունն ավելի ընկալողունակ է դառնալու Արցախի անկախության փաստի ընդունման նկատմամբ, եթե պաշտոնական Երևանը ներկայիս բանակցային փակուղայնությունը, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը ոչ մի կերպ  չպահպանելը, սպասվող հանրաքվեները կարողանա օգտագործել այդ նպատակին:  

Գևորգ Դարբինյան