Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորք-Մարաշում զինված խմբի վնասազերծումից մեկ տարի անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց խմբի 20 անդամների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ լրագրողներին մեկ ժամ տևած բանակցություններից հետո միայն հաջողվեց ներկա գտնվել նիստին:
Նիստի մեկնարկին զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը, հարցին թե ինչպե՞ս է իրեն զգում, պատասխանեց. «Քանի մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի»:
Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, նա առողջական լուրջ խնդիրներ ունի:
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին կլինեն խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը, 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել, ինչը ավարտին չի հասցվել` նրա կամքից անկախ հանգամանքներում:
Հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նույն մեղադրանքի համաձայն՝ Անտոն Թոթոնջյանը (հայր Անտոն), 2015թ. ապրիլից անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է նրա կողմից ստեղծված ու ղեկավարված հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Վահան Շիրխանյանն էլ, ըստ մեղադրանքի, 2015թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարված հանցավոր համագործակցությանը:
Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը միանալու և խմբի կազմում գործունեություն ծավալելու մեջ էլ մեղադրվում են Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը և Նելլի Մինասյանը: