|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում արկածային զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ` Հայաստանում արկածային զբոսաշրջության գոտիավորման վերաբերյալ համատեղ առաջարկություններ մշակելու և ՀՀ Կառավարություն ներկայացնելու նպատակով:
Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարաման վարչության պետ Աշոտ Գիլոյանը։
Օրակարգում էին արկածային զբոսաշրջության բնագավառում գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Քննարկվել է նաև արկածային զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցին, արկածային զբոսաշրջության երթուղիները խոչընդոտող, ոչ համապատասխան ենթակառուցվածքների խնդրին: Արծարծվել են նաև հարցեր` Հայաստանի և հայկական արկածային զբոսաշրջային արդյունքը ներքին և արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու և գովազդելու վերաբերյալ:
«Հայաստանն արկածային զբոսաշրջության համար իսկապես ﬔծ պոտենցիալ ունի։ Այս ոլորտում, դեռևս չլուծված խնդիրներ կան: Մենք նպատակ ունենք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի խնդիրների լուծմամբ, իրավական հարցերի կարգավորմամբ։ Ինչպես նշում են ոլորտի մասնագետները շատ հաճախ ծրագրված արշավները չեն կարողանում իրականանալ մի շարք խոչընդոտող հանգամանքների պատճառով»,-նշել է Զարմինե Զեյթունցյանը։
ՀՀ բնապահպանության նախարարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի առաջարկով որոշվել է կազմել համապատասխան փաստաթուղթ` ուղղված արկածային զբոսաշրջային երթուղիների գույքագրմանը։ Նշենք, որ այսօր աշխարհում արկածային զբոսաշրջությունը զբոսաշրջության ամենաարագ աճող ձևերից է։