կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-07 13:10
Հասարակություն

Մթերողները 187 մլն դրամ են պարտք գյուղացիներին

Մթերողները 187 մլն դրամ են պարտք գյուղացիներին

Հունվարի 1-ի դրությամբ` գյուղմթերքի մթերման պարտքը կազմել է 1 մլրդ 660 մլն դրամ, իսկ այսօր այն կազմում է 187 մլն դրամ. լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ բոլոր ընկերություններին զգուշացրել են` մինչև ամսվա վերջը հնարավորինս մարել պարտքերը: «2016-ին վերամշակող ընկերությունները մթերել են 21 մլրդ դրամի պտուղ ու բանջարեղեն: Մի քանի կազմակերպություններ պլանավորածից շատ են մթերել, և նրանք ունեն համապատասխան պայմանագրեր` որոշակի երկար ժամանակահատվածում պարտքերը մարելու»,- ասաց Մակարյանը:  

Խոսելով քաղցրաշենցիների` «Վինար» ընկերության դեմ բողոքի մասին` փոխնախարարը նշեց, որ գյուղատնտեսության նախարարը բանակցություններ է վարել «Շահնազարյան» ընկերության ղեկավարի հետ, և շուրջ 50 մլն դրամի կոնյակի սպիրտ է նա գնել «Վինար»-ից: «Անցած շաբաթ 50 մլն դրամի չափով մարվել է Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչների պարտքը, բայց 20 մլն դրամ պարտք դեռ մնում է: Դիմել ենք Արարատի մարզպետարանին, որպեսզի նորից գույքագրում անցկացնեն, ու վերջնական պարտքի չափը ևս մեկ անգամ ճշտվի, հետո քայլեր արվեն` այն վճարելու համար»,- հայտնեց Մակարյանը:  

Փոխնախարարը նշեց նաև, որ գյուղացիներին պարտքեր ունեն «Արենի վայն», «Բորոդինո», «Արտաշատի պահածոների գործարան», «Նոյան» ընկերությունները: