կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 18:31
Հասարակություն

Փորձում ենք խոսել երկու կողմի հետ, որ ոչ կաթ արտադրողները տուժեն, ոչ մթերողները. Արթուր Խաչատրյան

Փորձում ենք խոսել երկու կողմի հետ, որ ոչ կաթ արտադրողները տուժեն, ոչ մթերողները. Արթուր Խաչատրյան

Հայտնել ենք, որ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել գյուղացիները, ովքեր դժգոհում են կաթի մթերման գներից:

Yerkir.am-ի հետ զրույցում նրանք հայտարարել էին. «Մենք եկել ենք այստեղ` կոնկրետ իրենց ասելու, որ` եթե մինչև երկուշաբթի օրը դուք չկարողանաք այս հարցին լուծում տալ, կաթի մթերման գները չբարձրանան, երկուշաբթի օրը ՀՀ-ի բոլոր  կաթ արտադրողներով, կաթերով հանդերձ, գալու ենք այստեղ /կառավարության մոտ/: Ավելի լավ է ժողովրդին  ձրի տանք այդ կաթը, քան օլիգարխ կաթ մթերող ընկերություններին»:

Ստեղծված խնդրի շուրջ Yerkir.am-ը պարզաբանում խնդրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից: Նա ասաց, որ ձմռանը կաթի գները հասել են մինչև 200 դրամի, շատ քիչ դեպքերում էլ` 220 դրամի, որովհետև կաթի քանակը շատ քիչ է եղել: Դրանից բացի, ըստ նախարարի, նախորդ տարիներին չորային է եղել, խոտի գները շատ բարձր են եղել, դրա համար էլ կաթ մշակողներին խնդրել էին մի քիչ ավելի թանկ վճարել արտադրողին, որպեսզի կանխվի անասունների ջարդը: «Բայց այն ժամանակ մի կենդանու կաթի կաթնատվությունը երեք լիտր էր, հիմա 5 անգամ շատացել է, այն ժամանակ անասունը պահվում էր մսուրում, հիմա դաշտում արածում է: Բնականաբար, եղած կաթի քանակը շատացել է, այդ պատճառով էլ մթերման գինը նվազել է, որովհետև շուկայում առաջարկը շատացել է»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Նախարարն ընդգծեց, որ մթերողների հետ պարբերաբար հանդիպում են: «Առաջին անգամ հանդիպում է եղել մայիսի 11-ին` առաջին փոխվարչապետի ղեկավարությամբ: Իմ կազմակերպած առաջին հանդիպումը մթերողների հետ եղել է իմ նշանակման առաջին շաբաթվա ընթացքում, քննարկել ենք այս հարցը, հորդորել, որ հնարավորության դեպքում փորձեն ընդառաջել մեր կաթ արտադրողներին»,- ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ դրանից հետո կաթի մթերման գների իջեցումն ավելի սահուն եղավ: «Բայց պետությունը չի կարող միջամտել և թելադրել, որ արտադրողը պետք է կաթը վաճառի այսքան դրամով, կամ գնողը այսքան դրամով գնի: Սա կոնցեպտուալ խնդիր է, շուկայական հարաբերություններ են` մեկը վաճառում է, մյուսը` գնում»,- ասաց նա և հավելեց. «Ուրիշ խնդիր է, որ մենք հասկանում ենք, որ կաթնամթերքն այդ մարդկանց  ապրուստի միակ միջոցն է, և հաշվի առնելով, որ մի կողմում կազմակերպություններ են, մյուս կողմում` հազարավոր գյուղացիներ, փորձում ենք հանդիպել, խոսել, հասկանալ, որ ոչ կաթ արտադրողները տուժեն, ոչ մթերողները»: