կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 19:10
Հասարակություն

Վրաերթի ենթարկված 4-ամյա տղայի վիճակը կայուն է

Վրաերթի ենթարկված 4-ամյա տղայի վիճակը կայուն է

Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։

Բժիշկների գնահատմամբ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Կենտրոնում չորս և կես ժամ վիրահատել են բեռնատարի հարվածից բազմակի վնասվածքներ ստացած տղային։

Ձախ բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, տարածուն, լաթաձև վերքեր, ջնջխված հյուսվածքներ, ճաճանչային նյարդի ամբողջական վնասում, ձախ ազդրի լաթաձև վերքեր։ Աջից՝ սրունքի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, սրունքի մագիստրալ (հիմնական սնուցող) զարկերակի վնասում, նշված վերջույթների սնուցման խանգարում, ձախ անրակի կոտրվածք և այլն։ Այս ամենի արդյունքում` երրորդ աստիճանի տրավմատիկ շոկ։

Վիրահատությունից անցել է 10 օր։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ։ Երեխան մինչ այսօր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքի մշտական ուշադրության ներքո։ Տուժածի դաստակը և ոտնաթաթը վարդագույն են, ինչը նշանակում է, որ վերականգնված վերջույթներում արյան շրջանառությունը պահպանված է և դրանք կորցնելու վտանգ այլևս չկա։ Ներքին օրգանների ֆունկցիաները նույնպես պահպանված են։

Ծայրահեղ ծանր վիճակից դուրս է բերվել, նրա վիճակն այժմ գնահատվում է կայուն։ Չորսամյա տղային առջևում սպասվում են վերականգնողական, պլաստիկ վիրահատություններ։