Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Մայիսի 26-ից 29-ը Վրաստանում կայացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ ՀՀ պատվիրակությունը բավական ակտիվ մասնակցություն է ունեցել:
Նահապետյանի խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակությունն ինչպես միշտ սադրիչ հայտարարություններ է արել, մասնավորապես՝ օկուպացրել ենք իրենց տարածքները, ինչին պատասխան է տրվել՝ Ադրբեջանն է գրավել հայկական հողեր՝ Նախիջևանը, Շահումյանը և մնացած տարածքները:
Հայկական պատվիրակության անդամներից Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ երկու անգամ բախում է եղել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Նա հայտնեց, որ թեև իրենց նպատակը վեհաժողովում Հայաստանի շահեր ներկայացնելն է, այլ ոչ թե Ադրբեջանի պատվիրակների հետ բախման գնալը, այնուամենայնիվ, կարևոր է մեր տեսակետը ներկայացնելը:
Մարուքյանի խոսքով՝ Վրաստանի պատվիրակը ելույթ է ունեցել և բոլոր կոնֆլիկտային խնդիրները ներկայացրել մեկ հարթության մեջ` թե Ռուսաստանը մասնակցություն ունի: «Ես Վրաստանի ներկայացուցչին ասացի, որ ընդհանրացում չի կարելի, որ ԼՂ կոնֆլիկտը տարբերվում է մյուս կոնֆլիկտներից, և Արցախում ռուսական զորք չկա: Նշեցի, որ ես երբեք Վրաստանը չէի համեմատի Ադրբեջանի հետ, որովհետև ձեր պետությունը երբեք չի հարձակվում Օսիայի վրա և զինվորների մարմինները չի խոշտանգում ու վերադարձնում Կարմիր խաչի միջնորդությամբ»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ իր ելույթից հետո շատ պատվիրակներ մոտեցել և իրեն ասել են, որ լավ է, որ ներկայացրեց վիճակը, քանի որ իրենք տեղյակ չէին Արցախի կոնֆլիկտի մանրամասներից:
Կորյուն Նահապետյանն էլ նշեց, որ Ադրբեջանի պատվիրակը հարց է բարձրացրել Հայաստանի կողմից ձեռք բերված «Իսկանդեր»-ների մասին: «Պետք է նշեմ, որ բավականին անհանգստացած են ադրբեջանական պատվիրակները մեր կողմից ձեռք բերված «Իսկանդեր»-ներից: Մենք պարզաբանեցինք, որ այս համակարգի ձեռքբերումը նպատակ ունի վերականգնել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենք վեհաժողովում մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանն աշխարհում ամենաշատ զինտեխնիկա ձեռք բերող պետությունն է, և սա վտանգ է ամբողջ աշխարհի համար: