Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՕՊ համաձայնագիրը պետք է վավերացնել, այն նպաստում է ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը, հզորացնելու է մեր հակաօդային պաշտպանության համակարգը. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
«Ընդամենը երեք բառ են ընտրում համաձայնագրի տեքստից և փորձում մոլորության մեջ գցել հանրությանը: Նման վարքագիծը ես համարում եմ անթույլատրելի, մանավանդ` այն պատգամավորների կողմից, ովքեր ունեն գիտակցության բավարար մակարդակ` և՛ կարդալու, և՛ ընկալելու, և՛ ճիշտ հասկանալու խնդիրը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես կազդի ՀՕՊ համաձայնագիրը ԼՂՀ-ի անվտանգության վրա, նա ասաց. «ՀՀ զինված ուժերը ԼՂՀ անվտանգության երաշխավորն են: Զինված ուժերի կարևոր բաղադրիչն է նաև հակաօդային պաշտպանության համակարգը: ՀՀ հակաօդային պաշտպանության համակարգը նաև երաշխավորում է ԼՂՀ օդային տարածքի պաշտպանությունը: Այլ բան է, որ, միավորված համակարգ ձևավորելով, մենք ընդլայնում ենք մեր կարողությունները, և համաձայնագրում շատ հստակ գրված է, թե ագրեսիայի ժամանակ, պատերազմական իրավիճակում ինչպիսի գործողություններ պետք է կատարեն համապատասխան կողմերը: Այստեղ ոչ միայն նշված են պարտականությունները, այլ նաև իրավունքները, պարզապես պետք է կարդալ համաձայնագիրը»:
Նահապետյանը նշեց՝ մենք այսօր ունենք հակաօդային պաշտպանության համակարգ, բնականաբար, այն արդիականացնելու, կատարելագործելու խնդիր ունենք:
«Անկախ նրանից` մենք այս համաձայնագիրը կվավերացնենք, թե` ոչ, միևնույն է, մեր` ինքնուրույն գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության համակարգը զարգացնելու խնդիր ունենք: Ե’վ զինված, և’ ռազմական տեխնիկայի զարգացման պլաններում այս ուղղությունը նախատեսված է: Մենք այսօր էլ իրականացնում ենք գործողություններ հակաօդային պաշտպանության համակարգում, սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների նորոգման, արդիականացման ուղղությամբ, ունենք դրա համար համապատասխան ընկերություն, որը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում»,- շեշտեց պատգամավորը:
Նրա կարծիքով` մեր շատ գործիչներ, ելնելով տարբեր շահերից, այդ թվում` անձնակենտրոն, չեն ընկալում երևույթները, պատկերացում չունեն Հայաստանի անվտանգության համակարգի մասին, և երբ պետք է ծավալեն քննարկումներ հանձնաժողովում, հայտնեն իրենց դիրքորոշումները այս համակարգի զարգացման վերաբերյալ, չեն օգտվում այդ հարթակներից, օգտագործում են ԱԺ նիստերի դահլիճը` արտաքին տպավորություն գործելու համար, թե իբր հասկանում են, կիրառում են այնպիսի արտահայտություններ, որոնք հարիր չեն Ազգային ժողովի պատգամավորին` «շինծու համակարգ», «վստահություն չկա գործընկերների նկատմամբ» և այլ մերկապարանոց արտահայտություններ:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Ռուսաստանի հանդեպ ունեցած անվստահությունը չէ բողոքի ալիքի պատճառը, քանի որ թեև նա համարվում է մեր ռազմավարական դաշնակիցը, բայց նրա գործողություններն այնքան էլ դաշնակցային չեն, Նահապետյանը պատասխանեց. «Երբ անձը նամակ է ներկայացնում և չի ստանում պատասխան, չի կարելի միայն այդ հանգամանքով կասկածի տակ դնել գործընկերային հարաբերությունները: Մենք էլ ենք ուղարկել համապատասխան առաջարկություն` ստորագրել համատեղ հայտարարություն: Բանակցությունները ընթացքի մեջ են: Մենք ինքներս աշխատանք ունենք անելու. պետք է գործընկերոջդ համոզես, պետք է կարողանաս բացատրել քո դիրքորոշումը, քո մոտեցումները:
Մեծ հաշվով` ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ առնելը այդ անձանց ռեֆերենցիան է: Մենք պետք է հասկանանք, որ այս պահի դրությամբ ունենք ավելի քան 45 միջպետական, միջկառավարական համաձայնագրեր ՌԴ հետ` ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում և հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպման շրջանակներում:
Նոր չէ, որ այդ մասին խոսվում է: Սա չի նշանակում, որ անգամ այս կազմակերպության շրջանակներում մենք խնդիրներ չենք տեսնում, և տարբեր քննարկումների ժամանակ, անգամ` ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում անդրադարձ է կատարվում նաև այն քայլերին ու միջոցներին, որոնք առավելապես պետք է ամրապնդեն հավաքական անվտանգությունը, և բոլոր այն պետությունները որոնք ներգրավված են այդ կազմակերպությունում, պետք է շահագրգիռ լինեն, որ անվտանգության այդ համակարգը լինի ավելի կուռ, արձագանքի բոլոր այն սպառնալիքներին և մարտահրավերներին, որոնք այսօր կան հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության տարբեր գոտիներում` լինի հարավային գոտի, արևելյան, թե` արևմտյան:
Այդ իմաստով` այս քննարկումները ցույց տվեցին, որ, ցավոք, պակասում է քաղաքական լրջախոհությունը: Ես կուզենայի լսել հիմնավոր փաստարկներ, թե ինչո՞ւ, օրինակ, նպատակահարմար չէ վավերացնել այս համաձայնագիրը, բայց ես այդպիսի լրջագույն փաստարկներ չեմ լսել այս քննարկումների ընթացքում»: