|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Հայտարարության մեջ նշվում է, որ կարգալույծ հոգևորականի կողմից պետական իշխանությունների բացահայտ հովանավորությամբ իրականացվող գործողությունները ոչ միայն անօրինական են և հակասում են եկեղեցական կանոնադրությանը, այլև խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը, վիրավորում հավատացյալների զգացմունքները և վտանգում ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները։
«Այս դժվարին ժամանակներում, երբ մեր ժողովուրդը կանգնած է ներքին և արտաքին մարտահրավերների առաջ, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ ազգային միասնության, հավատքի և հույսի կարևոր հենարան։ Հետևաբար, Եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր գործողություն նաև հարված է մեր պատմական հիշողությանը և հոգևոր արժեքներին», - ասված է հայտարարության մեջ։
Անթույլատրելի է համարվում պետական կառույցների միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև՝ կարգալույծ անձանց սատարումը՝ Հովհաննավանքի տարածքը զավթելու և չեղյալ համարվող պատարագներ անցկացնելու փորձերի ընթացքում։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս անօրինական և անպատվաբեր քայլերը և կոչ ենք անում իշխանություններին՝ դադարեցնել միջամտությունները Եկեղեցու ներքին կյանքին, վերականգնել արդարությունն ու օրինականությունը և ապահովել եկեղեցու սպասավորների անվտանգ ու խաղաղ գործունեությունը», - նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ողջ հոգևորականությանը՝ բարձր գնահատելով նրանց անձնվեր ծառայությունն ու անսասան հավատքը։ Նաև հույս է հայտնում, որ պետական մարմինները կդիմեն ողջախոհ քայլերի՝ պահպանելու հասարակական համերաշխությունը, օրենքի գերակայությունը և ազգային հոգևոր ժառանգության նկատմամբ հարգանքը։