կարևոր
1510 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-02 15:38
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն ուղերձ է ստացել միջուկային հարցի շուրջ երկխոսությունը վերսկսելու մասին

Իրանի ԱԳՆ-ն ուղերձ է ստացել միջուկային հարցի շուրջ երկխոսությունը վերսկսելու մասին

Իրանի ԱԳՆ-ն ուղերձ է ստացել` իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկով: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

Մեկ օր առաջ իրաքյան «Բաղդադ ալ Յաում» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Օմանի միջոցով ուղերձ է հղել Իրանին՝ ամռանը ընդհատված երկխոսությունը վերսկսելու առաջարկով:

«ԱԳՆ-ն ուղերձներ է ստացել (իրանական ատոմի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկով - խմբ.)», - հայտարարել է Մոհաջերանին:

Իրանի կառավարության ներկայացուցիչը չի նշել ուղերձներ ուղարկած և փոխանցած երկիրը, սակայն հստակեցրել է, որ այդ ուղերձների մանրամասների մասին կհայտարարվի «համապատասխան պահին»:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) դադարեցրել է իր գործունեությունը հոկտեմբերի 18-ին՝ ժամկետը լրանալու պատճառով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն ընդունվել է 2015-ի հուլիսի 20-ին՝ ի պաշտպանություն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի:

Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին, որը չեղարկվել էր 2015-ի ԳՀՀԾ-ովՍ: Դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն սեպտեմբերի 19-ին մերժել է Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, ինչի պատճառով Անվտանգության խորհրդի սահմանափակումները վերականգնվել են սեպտեմբերի 28-ից: