կարևոր
1525 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-02 14:12
Հասարակություն

Մի պառակտեք. Սուրբ Էջմիածինը տկարացնելը նշանակում է տկարացնել հայրենիքը. Հայկազուն Սրբազան

Մի պառակտեք. Սուրբ Էջմիածինը տկարացնելը նշանակում է տկարացնել հայրենիքը. Հայկազուն Սրբազան

Տկարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է` տկարացնել հայրենիքը: Այս մասին հայտարարել է Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:  

Սրբազանը, ներկայացնելով Վեհափառ Հայրապետի գահակալության 26 տարիները, հիշեցրեց այս տարիների ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքը, որը վկայում է Վեհափառի անսահման աշխատասիրության և անմնացորդ նվիրումի մասին, այնուհետև, մտահոգությամբ արձանագրեց վերջին շրջանում ՀԱՍԵ-Կառավարության միջև տարակարծությունը: 

«Մտահոգիչ է վերջին շրջանում Եկեղեցու և կառավարության միջև եղած տարակարծությունները: ՀԱՍԵ-ն միշտ զորավիկ է եղել իր ժողովրդի միասնությանը, անկախությանը և պետականությանը, իր ողջ ունեցած հնարավորությունները, ինչպես անցյալում, այնպես էլ` այսօր զոհել է հայրենիքի համար, սակայն երեք եպիսկոպոսների բանտարկությունը, Հովհաննավանքի բռնի գրավումը, քաջալերումը կարգալույծ մի եկեղեցականի, անօրինական արարողության կատարումը քայլեր են, որոնք ավելի սրում են իրավիճակը: Տկարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է` տկարացնել հայրենիքը: Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները և պատրաստ է ընդունել իրավական որոշումները, որոնք արդար և օրինական են: Իհարկե եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձևով չեն լուծվի»,- ասաց Սրբազանը` մաղթանք հղելով, որ պետական այրերը ողջախոհությամբ և իմաստությամբ լուծում գտնեն այս հարցի, հանուն ընդհանուր շահերի երկու կողմերը հասնեն մեկ դրական եզրակացության, որը օգտակար կլինի և' պետականությանը, և' Էջմիածնին:

«Ժամանակն է` պառակտող բաները մի կողմն դնել, պետությունը զբաղվի իր հարցերով, եկեղեցին` իր հոգևոր խնդիրներով, մեկը մյուսին օգնելով, լրացնելով»,- ասաց Սրբազանը` ընդգծելով, որ Ամենայն Հայոց Հայրապետն անձ չէ, այլ` հայրապետական գաղափարի մարմնացումն է, այդ երևույթի առջև բոլորը խոնարհվում են: