կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-06 13:41
Քաղաքական

Նախիջևանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել. Կորյուն Նահապետյան

Նախիջևանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել. Կորյուն Նահապետյան

Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Բայց իրավիճակը վերահսկելի է: Ե՛վ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, ե՛ւ զինված ուժերի գլխավոր շտաբը ամբողջապես տիրապետում են  իրավիճակին: Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաեւ ձեր նշած ուղղությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետեւ իրապես մենք վերահսկում ենք իրավիճակը կոնկրետ համապատասխան տարածքում»,- ասաց նա:

Անդրադառնալով երկու օր առաջ ԱԺ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ պատգամավորների հանդիպմանը` Կորյուն Նահապետյանը նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բազմաթիվ խնդիրների, սակայն, հաշվի առնելով հանդիպման փակ լինելը, ինքը չի կարող մանրամասներ հրապարակել:

«Թեպետ ցավով պետք է արձանագրեմ, որ այդ դռնփակ հանդիպման առանձին նյութեր հրապարակվել են, եւ այդ առումով ինձ համար ուղղակի անհասկանալի է մեր որոշ գործընկերների պահվածքը, երբ հայտարարվում է, որ քննարկումը փակ է, եւ առանձին գործընկերներ հրապարակել են որոշակի տեղեկություններ, որի իրավունքը, բնականաբար, չունեին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չի կարող կոնկրետ անուններ տալ, քանի որ պարզ չէ, թե որ պատգամավորներն են եղել մանրամասները հրապարակողները: